Օշականում նռնակ է պայթել, բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց. պարզվում են հանգամանքները
Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Անդրանիկ Պողոսյանը երեկ գիշեր ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել, այս մասին Tert.am-ին հայտնեց Օշականի գյուղապետ Արա Ներսիսյանը՝ հաստատելով տեղեկատվությունը, որ Օշականում երեկ գիշեր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել:
«Խորթ հորեղբոր տղաներ են։ Խփվողն ասում է «ինքն ա ինձ խփել»։ Բայց հենց հիմա դեպքի վայրում ենք, ուրիշ վարկած է առաջ քաշվում, որ ոչ մեկն էլ չի եղել, ինքը նռնակ է գցել , որովհետև հետքեր կան»,- ասաց Արա Ներսիսյանը:
Նշենք, որ դեպքի վայրը Քասախ գետն է, որտեղ այս պահին իրականացվում է տեղազննություն:
Արա Ներսիսյանի խոսքով՝ Անդրանիկ Պողոսյանը և իր խորթ հորեղբոր որդին կենցաղային մակարդակով կռիվ նախկինում ևս ունեցել են: Այս պահին հարցաքննվում են Անդրանիկ Պողոսյանի հարևանները:
«Բայց այդ մարդը հիմա Ոստիկանությունում է ու ասում է՝ «ես չեմ եղել» ու, երևակայի, ճիշտն էլ այն է, որ ոչ մեկն էլ իրեն չի խփել, ինքը նռնակ է նետել, որովհետև դեպքի վայրում կան հետքերը »,- ասաց Օշականի գյուղապետը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից դեպքի կապակցությամբ հայտնեցին, որ ՀՀ մի քաղաքացի ձուկ որսալու նպատակով նռնակ է նետել Քասախ գետը։
Հանգամանքները պարզվում են:









