Կոմկուսի ղեկավարին թվացել է՝ մյուս կուսակցություններն օգտագործել են իրենց լոզունգները
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանն այսօր հետ հանդիպմաննը հայտարարեց, որ երեկ ՀՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրված կուսակցությունների քաղաքական գովազդային հոլովակները դիտելուց հետո իրեն թվացել է, թե բոլոր կուսակցությունները վերցրել են իրենց լոզունգները։
«Ինձ թվաց, թե բոլոր կուսակցությունները վերցրել են մեր լոզունգներից, բոլորը սոցիալիզմ են կառուցում, բոլորը ասում են՝ ժողովրդի ծառաներն են: Այդ տեսահոլովակները ինձ հուշեցին, որ նրանք զգում են, թե ժողովուրդը ինչպիսի սոցիալական անարդարության և սոցիալական ճնշման տակ է, ստիպված են վերցնել Կոմկուսի ծրագրերից կամ լոզունգներց՝ առողջապահության, կրթության և սոցիալական մյուս հարցերի լուծումները տալու համար»,-ասաց Ռուբեն Թովմասյանը։
Այս հանգամանքը նա ոչ թե գրագողություն է համարում, այլ ժողովրդին խաբելու ևս մեկ տարբերակ, քանի որ ընտրություններից հետո, ըստ նրա, ոչ մեկ չի գնում ասում, որ դուք սա էիք խոստացել:
«Մի քանի օր առաջ ես Գավառում էի: Բնակիչները նոր լոզունգ առաջարկեցին՝ «Ընտրիր և փնտրիր»: Այսինքն, ուզում են ասել, որ դեպուտատ կա էս չորս տարվա ընթացքում ընկած ման են գալիս, չեն գտնում: ԱԺ-ում չկա, իրենց մոտ չի լինում, իրենց հետ չի խոսում ժողովրդի դարդը չգիտի»,- ասաց նա:
Ռուբեն Թովմասյանը համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք արդեն ունեն ձայների 15%–ը, իսկ մնացածը ցույց կտան ընտրությունները:
«Կայքերից մեկը սոցհարցում էր արել, որտեղ իբր Կոմկուսը հավաքել էր 11% ձայն: Դա ճիշտ պատկեր չէ: Մենք ակնկալում ենք շատ ավելի»,- ասաց նա:
Կոմկուսը իր նախընտրական ծրագրերում առաջարկում է ազգայանացնել բոլոր ռազմավարական ճյուղերը, բարելավել կրթական համակարգը՝ վերացնելով միասնական քննությունները և անցումը տասնամյա կրթության, ցանկացած քաղաքացուն հասանելի դարձնել բուժօգնությունը, ինչպես նաև բարձրացնել ռուսաց լեզվի դերը։









