Կոմկուսի նախագահն ահազանգում է նոր տեսակի ընտրակաշառքի մասին
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց իր վերջերս լսած ընտրակաշառքի տարբերակի մասին:
Ռուբեն Թովմասյանն ասաց, որ իրեն պատմել են, թե ինչպես Երևանի գեղեցկության սրահներից մեկում նստած է եղել խորհրդարանական ընտրություններին առաջադրված կուսակցութուններից մեկի ներկայացուցիչը և բոլոր հաճախորդներին հերթով ասել, որ կարիք չկա վճարելու, քանի որ իրենց արդեն վճարել են:
Ռուբեն Թովմասյանն այդպես էլ չցանկացավ ասել, թե խոսքը որ սրահի և որ կուսակցության մասին է՝ պատճառաբանելով. «Ես չեմ ուզում սև PR անել: Դրա մասին դուք ինքներդ ուրիշ տեղերից կլսեք»:
Խորհրդարանական ընտրությունների պայքում Ռուբեն Թովմասյանն իրենց հիմնական մրցակից է համարում միաժամանակ բոլոր կուսակցություններին: Սակայն նա իրենց մրցակիցների մեջ առանձնացրեց հատկապես Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքին:
«Այս բոլորը, ինչի մեջ մենք ապրում ենք, շողուլից գցեցին ՀՀՇ-ականները: Նրանք երկիրը շողուլից գցեցին, խաղացին ազգայնական հարցերի վրա՝ Ղարաբաղի հարցի վրա: Այդ հաղթանակը բոլորինս է: Դրա մեջ մեծ բաժին ունեն սովետական բանակում ծառայած և ինտերնացիոնալաիզմի գաղափարով դաստիարակված տղաները»,- ասաց նա:
Կոմկուսի առաջնորդը նաև նշեց, որ ՀՀՇ-ն է բոլոր կեղծիքների հեղինակը, որոնք պահպանվում են մինչ օրս: Իսկ հարցին, թե ինչ կլինի, եթե Կոմկուսը չանցնի խորհրդարան, Ռուբեն Թովմասյանը պատասխանեց. «Սոցիալիստական գաղափարն անմահ է: Ինչպես պահպանվել է այսքան տարի, այնպես էլ կշարունակի պահպանվել: Դրա պահպանումը Հայաստանում ինձ մի վերագրեք, ինձնից հետո էլ կպահպանվի: Այսօր ամբողջ աշխարհի բնակչության 40%-ը սոցիալիզմի կողմանկիցն է»:
Ռուբեն Թովմասյանը նաև տեղեկացրեց, որ խարհրդարան անցնելու դեպքում երբեք չի առաջարկի, որ Հայաստանը միանա Ռուսասատանին. նա միայն բարեկամական հարաբերությունների կողմնակից է:









