Կոմկուսի առաջնորդը շքանշան է ստացել Գենադի Զյուգանովից
Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովից վերջերս շքանշան է ստացել՝ կուսակցությանը մատուցած խոշոր ծառայությունների համար:
«Ռուսաստանում նախագահական ընտրությունների նախընտրական վերջին օրերին հանդիպումներ եղան Գենադի Զյուգանովի հետ: Ռուսաստանի օլիմպիական համալիրում մեկ-մեկ ներկայացվեցին այն բոլոր կուսակցությունները, որոնք ներկա էին և առաջինը ներկայացրին Հայաստանի կոմունիստական կուսակցությանը»,– ասաց նա:
«Սա կուսակցության ամենաբարձր շքանշանն է, որով ես հպարտանում եմ, և հպարտանալու են իմ թոռները, իմ ընկերները և այլն: Ես Գենադի Անդրեևիչի հետ ունեցել եմ առանձնազրույցներ: Իսկ հանձման ժամանակ նա ասաց, որ հանձնում է իր լավագույն ընկերոջը, մարտական ընկերոջը»,- ասաց նա և ավելացրեց, որ ինչպես Զյուգանովն է ասել, Ռուբեն Թովմասյանն իր մարտունակությունը ապացուցել է:
Թովմասյանի խոսքով՝ այդ մարտունակությունն ինքը դրսևորել է հատկապես այն ժամանակ, երբ հարցազրույցներ տալով «Ռեգնում» գործակալությանը, ասել է, որ պետք է Միխայիլ Գորբաչովին դատի տալ, ինչից հետո Ռուսաստանում ստեղծվել է մի իրավաբանական խումբ, որն անհրաժեշտ փաստեր է հավաքում՝ երկիրը քանդելու մեղադրանքով հանդես գալու համար:
«Երկու հարցազրույցներում ես ասել էի, որ մենք պաշտպանում ենք հայ-ռուսական հարաբերությունները և մինչև վերջ կանգնելու ենք այդ հարաբերությունների ակունքների մոտ»,- ասաց նա և ավելացրեց, որ Գորբաչովը պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչ տեղի ունենում այսօր, որից հետո հերթը կհասնի մնացածներին:
Ռուբեն Թովմասյանը նաև հայտարարեց, որ ինքը եղել է Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքում, որտեղ 30 տարի է իր եղբայրը աշխատում է՝ որպես գործարանի գլխավոր տնօրեն և ինքը այնտեղ մեծ կապեր ունի:
«Բանվորների հետ խոսելով՝ ես զգացել եմ, որ այսօր ժողովուրդը ձգտումը է դեպի կոմունիստական կուսակցություն և սոցիալիստական գաղափարախոսություն»,- ասաց նա:









