ՀՅԴ-ն առաջարկում է ընտրությունների միջոցով իրականացնել համակարգային իշխանափոխություն

17:02 • 09.04.12

«Փաստ է, որ անկախությունից ի վեր մենք չենք ունեցել իշխանություն, որ լիարժեքորեն ծառայի իր ժողովրդին: Այն ավելի շատ ծառայել է իշխանության նեղ շրջանակներին»,- ՀՅԴ նախընտրական ծրագրի շնորհանդեսի ելույթում ասաց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Իսկ այս ամենի համար միակ լուծումն, ըստ նրա, կարող է լինել իշխանափոխությունը: «Այդ ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի տեղի չի ունեցել իշխանափոխություն։ Ոչ թե պրիմիտիվ իշխանանափոխություն՝ մի քանի մարդկանց անուններ փոխելով, այլ ամբողջական իշխանափոխություն»,- ասաց նա և նկատեց, որ ՀՅԴ նախընտրական ծրագիրն ամբողջապես կոչված է այդ գաղափարի իրականացման համար:

«Ամբողջական իշխանափոխություն կենթադրի թե՛ գործող վարչախմբի և թե՛ ամենակարևոր՝ նրան սպասարկող համակարգի լիակատար փոփոխություն: Մենք մինչև հիմա ունեցել ենք երեք նախագահներ, և այդ ամբողջ շրջանում, դժբախտաբար, այդ համակարգը պահպանվել է մինչև հիմա»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ մոդելում կուսակցությունը, պետությունն ու իշխանությունը նույնացված են:

Այս շրջանը նա համամատեց կոմունիստական կարգերի հետ, որոնք, նրա համոզմամբ, ավելի դրական էին, քանի որ կուսակցության անդամ դառնալու համար՝ նախկինում ինչ-որ բան հաշվի առնվում էր:

«Առաջ ՀՀԿ-ն ասում էր, եթե ձայն տաք, լավ կապրեք։ Հիմա ասում է, եթե ձայն չտաք, լավ չեք ապրի»,- ասաց նա:
Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ-ի առաջարկը՝ նշելով, որ դրա իրականացման միակ ուժը պատկանում է ժողովրդին: «Ընտրությունները պետք է դառնան իշխանության փոփոխության միջոց սա աքսիոմա է։ Եթե ժողովրդավարություն ենք ուզում իրականացնել, ապա ժողովրդավարության հիմքերի հիմքը ընտրություններն են»,-ասաց նա և կարևորեց, որ մարդիկ դա պետք է հասկանան:

Արմեն Ռուստամյանն առաջարկում է հրաժարվել այն ուժից, որին վստահել են, սակայն գալով իշխանության՝ վերջինս չի արդարացնում սպասելիքները։ Ըստ Ռուստամյանի՝ պետք է ընդամենը հրաժարվել այս նախագահական համակարգից։ «Երբ նախագահի աթոռի շուրջ ձևավորվում են յուրայինների մի խումբ, որոնք ամբողջությամբ յուրացնում և օգտագործում են պետական ռեսուրսը»,– ասաց նա:

«Պետք է այս գերկենտրոնացված համակարգը ապակենտրոնացնել, որը նշանակում է անցնել կառավարման խորհրդարանական համակարգի, իհարկե՝ սահմանափակելով անձեռնմխելիությունը, որն այսօր պատգամավորներն ունեն»,- ասաց նա՝ միաժամանակ կարևորելով այլ հակակշռման և զսպման մեխանիզմների առաջ քաշումը:

«Պետք է իշխանությունն ու ընդդիմությունն ունենան միաժամանակյա քաղաքական լծակներ, որպեսզի ընդդիմությունը ընտրությունների միջև ընկած ժամանկահատվածում կարողանա հետևի և վերահսկի իշխանությունների աշխատանքը և վեր հանի իշխանության թերացումները»,- ասաց նա և նկատեց, որ նման ձևով հնարավոր կլինի բոլոր ոլորտներում առկա մոնոպոլիայի վերջ դնել: