Սամվել Ֆարմանյանը պատրաստ է բանավիճել Վլադիմիր Կարապետյանի հետ
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Առաջին լրատվական ծառայության տնօրեն և թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Ֆարմանյանը պատրաստ է հեռուսատեսային բանավեճի մասնակցել նույն ընտրատարածքում առաջադրված Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի հետ:
«Որպես պատգամավորության թեկնածու, ես անելու եմ ինձանից կախված հնարավորը և անգամ անհնարը, որպեսզի մեր ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրություններն ընթանան քաղաքակակիրթ ընտրապայքարի հունով և լինեն օրինակելի»։,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ ցանկանում է հեռուստաբանավիճել նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Ֆարմանյանի հետ։
«Քաղաքական հեռուստատեսային բանավեճը քաղաքական ընտրապայքարի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Ես մեծ սիրով պատրաստ եմ նման հեռուստատեսային բանավեճի` ելնելով մեզանից յուրաքանչյուրիս համար փոխադարձաբար ժամկետներում դա անցկացնելու խնդրից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակտիվ քարոզարշավի շրջան է և օրվա ճնշող մեծամասնությունը զբաղված ենք ընտրողներրի հետ հանդիպումներով և մեր ծրագրեը ներկայացնելով»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
Սամվել Ֆարմանյան նաև նշեց, որ ցավում է, որ մեր քաղաքական կյանքում քաղաքական հեռուստատեսային բանավեճը դիտվում է որպես բացառիկ երևույթ, այնինչ ինքը դրան վերաբերվում է որպես իր քարոզչական ռազմավարության փոքրիկ, բայց կարևոր բաղադրիչներից մեկը:
«Ես դրան չեմ մոտենում որպես միջնադարյան մենամարտ: Նման քաղաքական բանավեճի պատրաստ եմ, պատրաստ եմ, պատրաստ եմ»,- ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի այն խոսքերին, թե իր մրցակիցն ամբողջությամբ օգտագործում է վարչական ռեսուրսները, Ֆարմանյանն ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը։
«Եթե պարոն Կարապետյանը կարող է ոչ թե հայտարարությունների մակարդակով, այլ փաստերով ներկայացնել, ես պատրաստ եմ հանդիպելու իրեն, լսելու նրա փաստարկները և անելու ինձանից կախվածը, որպեսզի ընտրությունները մեր ընտրատարածքում ընթանան բացառապես հավասար մրցակցային պայմաներում և լինեն օրինակելի»,- նկատեց նա:
Վլադիմիր Կարապետյանն այսօր ասուլիսի ժամանակ նշել էր նաև, որ անհավասար պայմաններ են ստեղծվել թիվ 2 ընտրատարածքում երկու թեկնածուների շտաբների առկայության առումով՝ նշելով, որ ՀՀԿ թեկնածուն ունի 37, իսկ ինքը՝ 4 ընտրական շտաբ:
«ՀՀԿ-ն մեր ընտրատարածքում ունի 37 տեղամաս, որոնք ինքնաբերաբար դառնում են իմ ընտրական շտաբները, ես դրանում, որևէ տարօրինակ բան չեմ տեսնում: Ես մեղավոր չեմ, որ ՀԱԿ-ը 4 շտաբ ունի»,- ասաց Ֆարմանյանը:
Նա պարզաբանեց նաև Վլադիմիր Կապարապետյանի այն խոսքերը, թե Առաջին լրատվականով չեն ցուցադրել, իր հարցազրույցը, այլ փոխարենը հին հարցազրույց են եթեր հեռարձակել` դրանով ևս ստեղծելով անհավասար պայմաններ: Առաջին լրատվական ծառայության տնօրենն ասաց, որ, որ ընտրապայքարի մեջ գտնվելու օրվանից արձակուրդում է և տեղյակ չէ այդ մասին:
Սամվել Ֆարմանյանը խոստացավ, որ նախընտրական քարոզչության շրջանում ակտիվ շփում կլինի լրատվամիջոցների հետ և մնացած բոլոր հարցերին կտրվեն պատասախաններ:









