Գյումրիում կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի փառատոն

12:05 • 09.04.12

«Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությամբ ապրիլի 12-ին Գյումրիում կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի «Ստոպ» փառատոնը:

«Մարդասիրական գաղափարների այլասերման և բանականության ոչնչացման գնով ծավալված քարոզչության պայմաններում` Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը ուղիղ, չմիջնորդավորված շփման տարածք է: Այն եզակի հնարավորություն է ադրբեջանական ժամանակակից կինոարտադրության լավագույն նմուշներին ծանոթանալու համար»,- նշված է «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» տարածած հայտարարությունում:

Tert.am–ի հարցին, թե ինչու փառատոնի անցկացման վայր է ընտրված Գյումրին, ոչ թե ինչ-որ այլ քաղաք կամ Երևանը, կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը խոստացավ պատասխանել փառատոնի ավարտից հետո:

«Ինչո՞ւ եք որոշել, որ մեր հասարակության մեջ բոլորը բարբարոսներ են կամ՝ զոմբիացած են»,- ասաց կազմակերպության նախագահը՝ ի պատասխան այն հարցի, թե իր կարծիքով արդյո՞ք փառատոնը չի անցնի կիսադատարկ դահլիճներում:
Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 2007-2008 թթ. Ադրբեջանում նկարահանված 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնցից մեկը վավերագրական է, երեքը՝ գեղարվեստական:

Ֆիլմաշարի տևողությունը 1 ժամ 33 րոպե է: Քվեարկության արդյունքում կորոշվի փառատոնի մրցանակակիրը «Հանդիսատեսի համակրանք» միակ անվանակարգում:

Ֆիլմերը թարգմանված են հայերեն:

Երևանից և այլ բնակավայրերից փառատոնին մասնակցել ցանկացողների համար կազմակերպիչներն ապահովում են տրանսպորտ Երևան-Գյումրի-Երևան երթուղով: