Ուզբեկստանի ու Տաջիկստանի միջև պատերազմ է հասունանում. НГ
Ուզբեկստանն ապրիլի 1-ից դադարեցնելով գազի մատակարարումները Տաջիկստան` լրջագույն հարված է հասցրել այդ երկրի տնտեսությանը: Տաջիկստանում էներգետիկ ճգնաժամը կանգնեցրել է մի շարք խոշորագույն ձեռնարկությունների աշխատանքը: Ըստ ռուսական Независимая газета-ի` ռազմավարական նշանակություն ունեցող` TALKO ալյումինի գործարանն աշխատում է ընդամենը 20% հզորությամբ:
«Առկա լարվածությունը կարող է վերաճել Դուշանբեի ու Թաշքենդի միջև ռազմական հակամարտության»,- գրում է թերթը:
1975 թ. կառուցված TALKO-ն Կենտրոնական Ասիայի միակ ալյումինի գործարանն է: Այն 30 հազ բնակիչ ունեցող Տուրսունզադե քաղաքի եկամտի հիմնական աղբյուրն է: Դրա անգործությունն իր հետ կբերի ավելի քան 40 տաջիկական օժանդակ գործարանների ու ՀԷԿ-երի փակման: Փորձագետների գնահատականներով` երկրի գանձարանը կզրկվի եկամուտների մոտ 75%-ից:
Աշխատանքների դադարեցման մասին է հայտարարել երկրի երկրորդ կարևոր նշանակության գործարանը` «Տաջիկցեմենտ»-ը, որն ամբողջությամբ կախված է ներկրվող գազից: Այն շինանյութեր է արտադրում Ռոգունի ՀԷԿ-ի շինարարության համար:
Երկու երկրների առաջնորդների` Իսլամ Քարիմովի և Էմոմալի Ռահմոնի միջև կոնֆլիկտը վաղուց է սկսվել:
«Պատճառը` և անձնական հակակրանքն է, և սահմանային հարցերը, և Տաջիկստանի կողմից Ռոգունի ՀԷԿ կառուցելու մտադրությունը»,- գրում է թերթը:
Նախորդ հինգշաբթի Մոսկվայում անցկացված «Տաջիկստան. զարգացման արդի խնդիրները» սեմինարի փորձագետները եկել են այն համոզման, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորել հնարավոր կլինի միայն իշխանությունների փոխվելուց հետո:
«Փակելով երկաթուղային ճանապարհը և դադարեցնելով գազի մատակարարումները` Ուզբեկստանը մտադիր է թույլ չտալլ Ռոգունի ՀԷԿ-ի կառուցումը»,- ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի ավագ գիտաշխատող Ազիզ Նիյազին: Իսկ ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Աջար Կուրտովի խոսքով, եթե Դուշանբեն չհրաժարվի Ռոգունի ՀԷԿ-ի շինարարությունից, Թաշքենդի հաջորդ քայլը կլինի ավտոմոբիլային հաղորդակցության դադարեցումը:
Երկրների միջև կան նաև սահմանային բնույթի հարցեր: Ըստ Տաջիկստանի կառավարության` Թաշքենդը փորձում է «իրենով անել» Սիրդարյա գետի վրա վիճահարույց Ֆարհադի ջրամբարը:
Թերթը գրում է, որ երկու երկրների միջև վեճերն այնքան հեռուն են գնացել, որ փորձագետները չեն բացառում զինված բախումների հավանականությունը: Ի դեպ, ըստ Ազիզ Նիյազովի, Ուզբեկստանն ուժեր է ավելացնում Տաջիկստանի հետ սահմանին:









