Միասին կբռնենք ընտրակեղծարարի ձեռքը. Վլադիմիր Կարապետյան

16:47 • 09.04.12

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը վերջին շրջանում ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության հաստատման շնորհիվ կարծում է, որ խորհրդարանական ընտրություններին միասին կպայքարեն ընտրակեղծիքների դեմ:

«Միասին կբռնենք ընտրակեղծարարի ձեռքը»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուն:

Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ իր առաջադրումը պայմանավորված է 2 գործոններով. «Առաջինը դա ՀԱԿ-ի որոշումն էր` ցույց տալու համար մեր վճռականությունը: Եվ ես անելու եմ հնարավորը, որ համոզեմ բնակչությանը, որ ունակ են պայքարեու հանցավոր ռեժիմի դեմ: Եվ երկրորդ` պատգամավոր-բնակիչ հարաբերություներում նոր մշակույթ ձևավորելն է»,- ասաց թեկնածուն:

Վլադիմիր Կարապետյանն իր նորաբաց կայքում հրապարակելու է իր հեռախոսահամարը, որը կլինի անփոփոխ 5 տարվա ընթացքում:

«Լինելու է նաև գրասենյակ, որը բաց է լինելու բոլորի համար, ունենալու եմ 2-ական վստահված անձ բոլոր տեղամասերում և անելու եմ հնարավորը, որ ընտրատեղամասում բացառեմ կեղծիքները»,- ասաց Կարապետյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ ներկայացուցիչը այն հանգամանքին, որ Սամվել Ֆարմանյանին պաշտպանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Մեկը լիներ Ռուբեն Հայրապետյանին պաշտպաներ։ Հայրապետյանը առաջադրվել է իր ընտրատարածքում և ինքը խնդիր ունի հավաքելու ավելի շատ ձայն, քան իր մրցակիցները: Այնպես որ, չեմ կարծում, թե նա կարող է գործուն աջակցութություն բերել: Իմ մրցակիցը ՀՀԿ ներկայացուցիչն է, և դրանով ամեն բան ասված է, և մենք պայքարում ենք ՀՀԿ-ի դեմ»: