«Ժառանգությունն» «առնվազն 50 տոկոս ձայնի» հավակնություն է ներկայացնում
«Ժառանգություն» կուսակցությանն առնվազն 50 տոկոս ձայն է պետք, և կուսակցությունում վստահ են, որ այդքան ձայն կունենան: Այս մասին այսօր հայտարարեց կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ:
«Մենք նախորդ հինգ տարիներին ամեն ժամ մեր բնակիչների հետ ենք եղել, և մենք ծառայել ենք բոլորին: Մենք այս անգամ էլ ենք ծառայելու մեր հասարակությանն ու ժողովրդին, և դրա համար մենք պետք է առնվազն 50 տոկոս ձայն հավաքենք և մենք գալիս ենք»,– ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթի ժամանակ ասաց. «Մենք գալիս ենք հաղթելու և մենք մեր խոսքի տերն ենք եղել, և մենք կրկին մեր խոսքի տերը լինելով՝ տեր ենք կանգնելու մեր քվեին»:
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն էլ, ով «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում է գտնվում, իր ելույթի ժամանակ ասաց. «Պայքարը հանուն ժողովրդավարություն այսօր չի սկսվել, և, եթե ազնիվ լինենք, այս խորհրդարանական ընտրություններով չի էլ ավարտվի»:
Նշենք նաև, որ «Ժառանգություն» կուսակցությունը «Մարիոթ» հյուրանոցում իր կուսակիցներին և համակիրներին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Ծրագրի ներկայացման արարողությունը ուղեկցվում էր ազգային երգ-երաժշտությամբ՝ «Կարին» համույթի կատարմամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, իսկ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը սկսվել է երեկ` ապրիլի 8-ին:









