«Բաց կառավարման գործընկերության» շրջանակում ներկայացվել է ՀՀ Գործողությունների ծրագիրը
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի պաշտոնական ներկայացումը: Միջոցառմանը ներկա էին Գործողության ծրագիրը մշակած աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում ԱՄՆ եւ Բրազիլիայի դեսպանությունների ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Փոխնախարար Աշոտ Հովակիմյանը մանրամասն ներկայացրեց իր գլխավորած աշխատանքային խմբի գործունեությունը՝ հատուկ շեշտելով, որ խմբում հավասարապես ընդգրկված էին ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նա ներկայացրեց Ծրագրի հիմնական դրույթները, որոնք առավելապես նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության եւ հաշվետվողականության բարելավմանը, ինչպես նաեւ պատասխանեց արտասահմանյան դիվանագետների հարցերին:
ՀՀ Գործողությունների ծրագիրը պաշտոնապես ներկայացվելու է միջազգային հանրությանը ապրիլի 16-18-ին Բրազիլիայի մայրաքաղաքում կայանալիք «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան հանդիպմանը:









