Իննսունական թվականներից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված. Ապրես Զոհրաբյան

15:27 • 10.04.12

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կազմակերպեց բնապահպանական համաժողով` նվիրված Հայաստանի բնապահպանական խնդիրներին:

Նախաձեռնության անդամ Ապրես Զոհրաբյանը իր խոսքում նշեց, որ իննսունական թվականներից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված, և կապիտալիզմն սկսեց գաղութացման կամ էկոգաղութացման գործընթացը:

«Մեր հասարակությունն օրեցօր ավելի էկոզգայուն է դառնում: Ցանկացած խնդիր իր արձագանքն է գտնում հասարակության շրջանում: Ուզենալով կամ չուզենալով երկրի քաղաքական ուժերը պարտավոր են հաշվի նստել հասարակության հետ»,- ասաց նա և ավելացրեց, որ այս պարագայում բնապահպանությունը նաև հայապահպանություն է:

Համաժողովի ընթացքում Գագիկ Սուխուդյանի առաջարկով բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թեղուտի ոչնչացված անտառների, Սևանում այլևս գոյություն չունեցող իշխանի, ինչպես նաև մարդու գործունեության հետևանքով բնության ոչնչացված բոլոր մասնիկների հիշատակը:

Համաժողովի ընթացքում կայացավ նաև «Ապրելու իրավունք» գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է Առլեն Շահվերդյանը: Նա ներկաներին տեղեկացրեց, որ գրքի առանձնահատկություններից մեկը գիտական նյութի մատչելի վերարտադրումն է գեղարվեստական տարրերով:

«Գիրքը առյուծների մասին՝ նրանց տեղն ու դերը ամբողջ աշխարհում: Անդրադարձել ենք նաև առյուծի օգտագործմանը՝ որպես զինանշան, ինչպես նաև նրա ընդգրկումը Հայաստանի զինանշանի վրա»,– ասաց հեղինակը:

«Բայց ամենակարևորը գրքի այն է, որ յուրաքանչյուր մարդ այս աշխարհի վրա ապրելու իրավունք ունի: Մարդու գործունեության պատճառով ոչ միայն առյուծների ապրելու իրավունքն է խախտվում, այլ նաև մյուս կենդանատեսակների»,- ասաց Առլեն Շահվերդյանը:

Նա նշեց, որ գրքում ինքը ցանկացել է բոլորի ուշադրությունը կենտրոնացնել կովկասյան ընձառյուծի վրա, որի գոյությունը վտանգի տակ է: