Ներկայացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ևս մեկ գիրք
Տեղի ունեցավ Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող Ռուբինա Փիրումյանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքի շնորհանդեսը։
«Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ կամ` ցեղասպանության ընկալումն այս սերնդի կողմից, որ այդ աղետալի տարիները ապրեց» գրքի հեղինակն իր խոսքում ասաց, որ չնայած քայլեր ձեռնարկվում են Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, դեռ շատ անելիք կա այդ հարցում։
«Շուտով մեր Ցեղասպանությունը կդառնա 100 տարեկան և մոռացության կդատապարտվի: Մենք կարո՞ղ ենք արդյոք հանգրվանային լուծման գալ: Ես չեմ ուզում ժխտել, մենք քայլեր անում ենք, ուղղակի դեռ շատ բաների չենք հասել»,– ասաց Ռուբինա Փիրումյանը:
Նա նաև նշեց, որ Ցեղասպանության դատապարտմանն ուղղված պայքարն էլ ավելի պետք է ուժեղացվի և գիրքը հենց այդ պայքարին է նվիրվում:
«Սա իմ երրորդ գիրքն է, որ հրատարակվում է, մենք պետք է ակադեմիական ճակատով էլ պայքարենք, և իմ հրատարակությունները, թող որպես պարզ զինվորներ միանան այդ պայքարին»,- ասաց նա։
Ռուբինա Փիրումյանի հեղինակած գիրքն անգլալեզու է, և ավելի շատ ուղղված է դրսի լսարանի համար:
«Ես երբեք չեմ փաստել, որ եղել է Ցեղասպանություն, քանի որ դա փաստելու կարիք չկա։ Ցեղասպանությունն իմ գրքի մեջ է»,- ասաց հեղինակը:
Գիրքը հրատարակվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի միջոցներով:
Հանդիպմանը ներկա էր նաև Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով ասաց, որ մենք «բոլորս նույն ճամբարի մեջ ենք և բոլորս մի խրամատից ենք պայքարում»:
«Շահեկան է, որ անգլերեն լեզվով է հրատարակվում, սա քարոզչության լավ միջոց է , և ժխտողականության դեմ պայքարի օրինակ: Այս գիրքն էլ գալիս է միանալու մեր պայքարի կենդանի զինվորներին: Պետք է ասեմ, որ ապրիլի 23-ին տեղի կունենա հազվագյուտ մի ցուցահանդես, գրքերի ցուցադրություն: Այդ օրը կներկայացվի 300 անուն գրականություն, որոնք այս տարիների ընթացքում տպագրվել են: Այս ցուցադրությունը նախադեպը չի ունեցել երբեք»,- ասաց Հայկ Դեմոյանը:










