Հանրային քննարկում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի շուրջ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ այսօր «Բանակն իրականում» նախաձեռնությունը հանրային քննարկում էր կազմակերպել, որին ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Արդարադատության նախարարությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Պաշտպանության նախարարությունից, տարբեր կուսակցություններից և հասարակական կազմակերպություններից:
Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ, ըստ Սահմանադրության, ՀՀ զինված ուժերը պետք է ապահովեն ՀՀ-ի պաշտպանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը և որ նույն Սահմանադրությամբ հստակեցված են այն դեպքերը, թե այդ ուժերը, երբ կարող են օգտագործվել:
«Արտակարգ դրության ժամանակ զինված ուժերը չեն կարող ներգրավվել, քանի որ Սահմանադրությամբ արտակարգ դրությունը և ռազմական դրությունը հստակ սահմանված են: Արտակարգ դրության մասին նախագահը չի կարող հայտարարել, քանի որ Սահմանադրությամբ նա նման իրավասություն չունի»,- ասաց նա:
Վահե Գրիգորյանը նաև նշեց, որ ստացվում է՝ երիտասարդը մի նպատակով է զորակոչվում բանակ և այլ նպատակի համար է ծառայում։
«Այն մարդիկ ովքեր հեղինակել են այս օրենքը, իրենց գործի գիտակներն են և չեն կարող չհասկանալ այս բոլոր խնդիրները: Այնպիսի տպավորություն է, որ նրանց թելադրված է եղել գրել այս օրենքը»,- ընդգծեց նա։
Ըստ փաստաբանի, եթե օրենքն ի վերջո ստորագրի նախագահը, ապա այնտեղ գոնե պետք է նշվի, որ երբեք օտարերկրյա զինված ուժեր չեն ներգրավվելու ՀՀ ներքաղաքական խնդիրները լուծելու համար:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը անդրադարձավ 2008թ-ի արտակարգ դրության պրակտիկային նշելով, որ այդ օրերին նա փորձել է դատարաններում վիճարկել նախագահի հրամանագիրը:
«Նախագահի հրամանագիրը վիճարկելի չէ: Դատարանները տվել են այնպիսի ուժ, որ փոխարինում է Սահմանադրությանը: Երբ ժողովուրդն ընդունում էր Սահմանադրություն, կարո՞ղ էր պատկերացնել, որ այն փոխարինվելու է նախագահի հրամանագրով»,- ասաց նա և ավելացրեց, որ, իր կարծիքով, այս օրենքը ծառայելու է նրան, որպեսզի վարչակարգը զինված ուժերի միջոցով պահի իշխանությունը:
Նա ևս ընդգծեց, որ ռազմական դրության և արտակարգ դրության իրավիճակները տարբեր են և չի կարելի երկու դեպքում էլ օգտագործել զինված ուժերը:
Նա այն համոզմունքը հայտնեց, որ եթե ոստիկանության և ազգային անվտանգության ուժերը չեն կարողանում ճնշել ժողովրդի ըմբոստությունը, նշանակում է՝ պետք հանդուրժել և հաշվի նստել ժողովրդի հետ:
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը վերլուծելով օրենքը՝ նշեց միանգամից մի քանի թերություններ:
«Օրենքում խոսքը վերաբերում է սահմանադրական կարգի զանգվածային խախտմանը, բայց որքա՞ն պետք է լինի այդ զանգվածը՝ 100, թե՞ 1000: Ի՞նչ է նշանակում անկարգություն: Կամ նշված է, որ զինված ուժերը պետք է վերապատրաստում անցնեն, բայց խոսքը ի՞նչ վերապատրաստման մասին է և ե՞րբ է այն իրականացվելու»,- ասաց նա և ավելացրեց, որ օրենքը չափից դուրս իշխանություն է դնում մեկ մարդու ձեռքում:
Ռիչարդ Կիրակոսյանը տարօրինակ համարեց այն, որ օրենքն ընդունվում է անմիջապես ընտրություններից առաջ:









