Հայաստանում Gallup-ն առաջին անգամ էքզիթ փոլ կանցկացնի
Այսօր սոցիոլոգիական հետազոտությունների հեղինակավոր Gallup International Association ընկերությունը և «Արմենիա» հեռուստաընկերությունը լրագրողների ներկայությամբ ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն, ընկերությունը մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական և ընտրական շրջանում կանցկացնի սոցհարցումներ, իսկ ընտրության օրը նաև էքզիթ–փոլ (ընտրատեղամասերից դուրս եկած քաղաքացիներին հարցնում են, թե ում օգտին են քվեարկել):
«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ավետիսյանն ասաց, որ նախընտրական սոցհարցումների պատասխանը հայտնի կլինի արպրիլի 27-ին, իսկ էքզիթ փոլի տվայլները պարզ կլինեն քվեարկությունից անմիջապես հետո:
Էքզիթ փոլ Հայաստանուն անցկացվում է առաջին անգամ և ներկայացնելու է համամասնական ընտրակարգի ընտրության արդյունքների վերաբերյալ տվյալներ:
Gallup International Association-ի փոխնախագահ Կանչո Ստոյչևը նշեց, որ հարցումներն անցկացվելու են երկրի ամբողջ տարածքով։ Տարբերությունը, նրա խոսքով, միայն այն է, որ քարոզարշավային փուլում ընտրական զանգվածն է ուսումնասիրվելու, իսկ էքզիթ փոլի դեպքում՝ ընտրությանը մասնակցածները:
«Նախընտրական հարցման ժամանակ մենք մարդկանց մտադրությունների մասին ենք հարցնում, իսկ էքզիթ փոլի ժամանակ հարցնելու ենք՝ ինչ արեցին մի քանի րոպե առաջ: Էքզիթ փոլը քվեարկության կրկնությունն է կարծես: Մարդիկ ասելու են, թե ում համար քվեարկեցին: Սա մի ստանդարտ գործելակերպ է, բարդ գործընթաց չէ: Սխալվելու հավանականությունը ±1-2 տոկոս է, իսկ նախընտրական հարցման դեպքում ±3 տոկոս»,- ասաց Ստոյչևը:
Նրա կարծիքով՝ խոշոր կուսակցությունների համար, որոնք կունենամ մոտ 40% ձայն, էքզիթ փոլի արդյունքում տոկոսային շեղումը մեծ չի լինի, մինչդեռ փոքր կուսակցությունների համար սա խնդիր է, քանի որ նրանք պետք է հատեն 5%–ի շեմը:
«Բայց շատ երկրներում սոցհարցումների փորձագետները դժվարանում են պատասխանել դա 5.1 էր, թե՞ 4.9»,- ավելացրեց նա։
Կանչո Ստոյչևը նաև տեղեկացրեց, որ հարցումն անանուն է լինելու, բայց ընտրողները լրացնելու են նաև թերթիկ, որտեղ նշելու են նաև իրենց սեռը, տարիքը և բնակության վայրը` քաղաք, թե գյուղ:
Ստոյչևը ավելացրեց, որ թեև քվեարկության օրվա կեսօրին նրանք արդեն կունենան էքզիթ փոլի արդյունքները, բայց պետք է սպասեն քվեարկության ավարտին, որից հետո կհայտարարեն տվյալները:









