Հայաստանում էքզիթ փոլ անցկացնել հնարավոր է՝ անկախ վախի մակարդակից. Gallup

16:37 • 10.04.12

Սոցհարցումներ անցկացնող Gallup International Association ընկերության փոխնախագահ Կանչո Ստոյչևը կարծում է, որ Հայաստանում վախի մակարդակն այնպիսին չէ, որ հնարավոր չլինի անցկացնել էքզիթ փոլ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ ընկերությունը Հայաստանում արդեն որոշակի ուսումնասիրություն է իրականացրել և պարզել, որ էքզիթ փոլը կարելի է իրականացնել նորմալ պայմաններում:

«Ուսումնասիրություն արդեն արել ենք. Հայաստանն այն միջավայրն է, որտեղ էքզիթ փոլը կարող է իրականացվել նորմալ պայմաններում: Վախ չունեցող հասարակություն գոյություն չունի: Հայաստանում վիճակն այնպիսին է, որ մարդիկ հայտնում են իրենց տեսակետը»,- ասաց Ստոյչևը:

Հիշեցնենք, որ այսօր Gallup International Association–ը և «Արմենիա» հեռուստաընկերությունը լրագրողների հետ հանդիպմանը ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն ընկերությունն Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունների նախընտրական և ընտրական շրջանում կիրականացնի սոցհարցումներ, իսկ ընտրության օրն առաջին անգամ Հայաստանում կանցկացվի էքզիթ փոլ:

Կանչո Ստոյչևը նաև նշեց, որ եթե հասարակությունում կա վախի մթնոլորտ, ապա, իհարկե, այն կխանգարի հարցման անցկացմանը:

«Եթե մարդկի վախենում են, մենք դժվարություն կունենանք գուցե։ Բայց շատ հասարակություններում է այդպես։ Հյուսիսային Կորեայում մենք չենք կարողանա անցկացնել էքզիթ փոլ, բայց Հարավային Կորեայում հեշտ կլինի: Բայց ես չէի ասի, որ վախի նման տպավորություն ստացա Հայաստանում»,- ավելացրեց նա:

Հարցին՝ արդյոք ընկերությունն ուսումնասիրել է բնակչության առանձնահատկությունները, Ստոյչևն ասաց. «Ոչ։ Կիրառվում են ստանդարտ տեխնիկան է և կախված չէ տեղական պայմաններից, քանի որ էքզիթ փոլը նպատակ ունի պարզելու հասարակությունը ազատ է թե ոչ»:

Իսկ հարցին, թե ինչպես կմեկնաբանի վերջերս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն տեսակետը թե Gallup-ը վստահելի և խորը հարցումներ չի կատարում, Ստոյչևն ասաց. «Կան լավ կոշկակարներ և վատ կոշկակարներ: Կան կանոններ, որոնք պահպանելիս հարցման տվյալները, ճիշտ կլինեն: Խնդիրն է այն է, որ մյուսները չեն պահպանում այդ կանոնները,իսկ մենք պահպանում ենք»,- ասաց նա։

Կանչո Ստոյչևը նշեց նաև, որ հարցումների անցկացմանը կներգրավվի 400 մարդ։