Ներկայացվեց «Գլոբալ 50 հայեր» նախագիծը
«Մեդիամաքս» գործակալությունն այսօր կազմակերպել էր մի յուրօրինակ նախագծի շնորհանդես, որը կոչվում է «Գլոբալ 50 հայերը»: Գործակալության տնօրեն Արա Թադևոսյանի փոխանցմամբ, այսուհետ, յուրաքանչյուր շաբաթ կներկայացվի մեկ «գլոբալ հայի» դիմանկար:
«Գլոբալ հայեր»-ի մասին, որոնք ճակատագրի բերումով, տարբեր տարիներին հեռանալով Հայաստանից այսօր ապրում են արտերկրում, ուր և հասել են նկատելի հաջողությունների, հայ հանրությունը լավատեղյակ չէ: Ա. Թադևոսյանի փոխանցմամբ՝ իրենց նպատակն է ներկայացնել «մարդկային պատմություններ»՝ պատմել ոչ միայն նրանց աշխատանքային հաջողությունների, այլ նաև կենցաղի, ընտանիքների մասին:
Շնորհանդեսում ներկայացված առաջին հերոսը Արթուր Մարտիրոսյանն էր, ով ապրում է Բոստոնում: Նա բանակցային գործի մասնագետ է: Աշխատում է որպես ավագ խորհրդատու ամերիկյան CM&Partners ընկերությունում, բայց երբեք չի խզել իր կապերը հայրենիքի հետ:
«Մեր կառավարությունը պետք է այնպիսի մոդելներ մշակի, որ արտասահմանում բնակվող տաղանդավոր հայերը հնարավորինս ամուր կապեր հաստատեն հայրենիքի հետ և իրենց գիտելիքներն օգտագործեն ի շահ Հայաստանի»,-ասաց Մարտիրոսյանը:
Շնորհանդեսին ներկա էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով շնորհավորեց նախագիծն ու շնորհակալություն հայտնեց «Մեդիամաքս» գործակալությանը այն իրականացնելու համար: Վարչապետը նաև նշեց, որ ծրագիրը համահունչ է նոր ժամանակներին, մինչդեռ մեզանում դեռ կան գործընթացներ, որոնք այլևս «հնամաշ» լինելով պետք է իրենց տեղը զիջեն նորերին՝ քանզի դա ժամանակի պահանջն է:
«Ցավոք, մենք շատ հաճախ իներցիայով ենք առաջնորդվում, ինչը մեծ հնարավորություններ չի ընձեռում : Իսկ ա՝յս ծրագիրը պարունակում է այնպիսի ներուժ, որ կարող է համախմբիչ դեր ունենալ: Մենք բազմապատկում ենք մեր ազգի կարողությունը: Եթե արտերկրի հայերը նաև կարողանան հայանպաստ գործունեություն ծավալալ՝ դա շատ լավ կլինի: Մինչդեռ հայ հասարակությունը տեղյակ չէ նրանց հնարավորությունների մասին»,-ասաց վարչապետը և հավելեց, որ կան տաղանդաշատ հայ գիտնականներ, երաժիշտներ և այլ ոլորտի մասնագետներ, որոնք արտերկրում հասել են մեծ հաջողությունների, բայց Հայաստանի հետ ոչ մի առնչություններ չունեն: Վարչապետն այն համոզմանն է, որ պետք է ստեղծվի բարենպաստ պայմաններ հարաբերությունների հաստատման ու զարգացման համար:
Նշենք նաև, որ նախագծի գլխավոր գործընկերն է Երևանի կոնյակի գործարանը, որի «Արարատ» ապրանքանիշը ներկայանում է որպես հայկական բրենդ: Գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ իրենց մասնակցության հիմնական իմաստը կայանում է նրանում, որ «Արարատ»-ը ինքնին բրենդ է, որի շուրջ կարելի է համախմբել հայությանը:









