Դամասկոսը սկսել է իրագործել Անանի ծրագիրը, չնայած կարող էր ավելի ակտիվ իրականացնել այն. Լավրով

14:39 • 10.04.12

Սիրիայի իշխանությունները սկսել են ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերալ ծրագրի իրականացումը: Այս մասին այսօր Մոսկվայում Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Անանի ծրագրով` սիրիական կառավարությունն ու ընդդիմությունը մինչև ապրիլի 10-ը պետք է դադարեցնեին ռազմական գործողությունները, քաղաքական երկխոսություն սկսեն, չխոչընդոտեն տուժածներին հումանիտար օգնության տրամադրմանը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Լավրովը միաժամանակ հայտնել է, որ պաշտոնական Դամասկոսը կարող էր ավելի ակտիվ կատարել Անանի ծրագրի կետերը:

«Անկեղծ ասած` մենք տվել ենք մեր գնահատականը սիրիացի գործընկերներին: Համարում ենք, որ ծրագրի իրագործմանն ուղղված գործողությունները կարող էին ավելի ակտիվ ու վճռական լինել»,- ասել է նախարարը:

Սիրիացի նախարարը հայտնել է, որ երկրում հրադադարի հաստատումը պետք է համընկնի ՄԱԿ-ի դիտորդների այցի հետ: Այս առումով Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը համաձայն է Սիրիա ուղարկել իր դիտորդներին:

«Քոֆի Անանի առաքելության հաջող ավարտի համար կարևոր նշանակություն ունի Սիրիա շտապ կարգով միջազգային դիտորդներ ուղարկելու հարցը»,- ասել է նա:

Մուալեմը Թուրքիային մեղադրել է սիրիացի ընդդիմադիրներին զինելու մեջ և հայտարարել, որ Թուրքիան Սիրիայի խնդիրների մի մասն է դարձել:

Սիրիայում մեկ տարուց ավել է բախումներ են տեղի ունենում կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` այս ժամանակահատվածում զոհվել է մոտ 9  հազ մարդ: