Պետք է դուրս գալ 14-15 տարվա մղձավանջից. Լևոն Տեր-Պետրոսյան
Լուսանկարը՝ արխիվից
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանն այսօր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում ՀԱԿ նախընտրական հանդիպմանը նախ համակիրներին շնորհակալություն հայտնեց իրենց կողքին լինելու համար և նշեց, որ հարկավոր է դուրս գալ 14-15 տարվա մղձավանջից։
«Սիրելի ժողովուրդ ես շատ բան չունեմ ասելու։ Ուղղակի օգտագործելով առիթը՝ ուզում եմ հայտնել շնորհակալություն, որ դուք միշտ քվեարկել եք ընդդիմության օգտին»,- ասաց ՀՀ առաջին նախագահը։
«Այնպես է եղել, որ դուք միշտ քվեարկել եք ընդդիմության օգտին, իսկ հաղթել է իշխանությունը: Հիմա ձեր վրեժը լուծելու ժամանակն է: Այս մղձավանջից պետք է դուրս գանք, այս 14-15 տարվա մղձավանջից դուրս գալու հնարավորությունը կա: Պետք է անեք այն, ինչպես արել եք 2003թ., 2008թ.»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ առաջնորդը նաև նշեց, որ եկել է ժամանակը, որպեսզի ժողովուրդն ազատվի գործող չարիքից: «Չարիքի էներգիան կսպառվի, չկա մի չարիք որի էներգիան չի սպառվում: Իշխանությունները չեն համարձակվելու անել այն բռնությունները, ինչ արել են նախկինում»,- ասաց ՀԱԿ առաջնորդը:
Անդրադառնալով ընտրակաշառքների թեմային, ՀՀ առաջին նախագահն ասաց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատերն են վերցնում ընտրակաշառք և քվեարկում հակառակը, իսկ խախտումները արվում են բռնությունների միջոցով, ինչը այս տարի, ըստ նրա, տեղի չի կարող ունենալ:
ՀԱԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Դեմիրճյանն էլ իր ելույթի ժամանակ հավաքվածներին կոչ արեց գալիք ընտրություններին քվեարկել ՀԱԿ-ի օգտին, ինչը էականորեն կփոխի քաղաքական իրավիճակը:









