Արթուր Սաքունցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի դատական նիստը հետաձգվեց

17:11 • 10.04.12

Քիչ առաջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի հետաձգվեց «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունն ընդդեմ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ դատական նիստը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Այսօր տեղի ունեցավ նախնական դատական նիստ: Ապացույցների հետազոտման փուլն էր: Նիստը հետաձգվեց»,-ասաց Ա. Սաքունցը:
Հիշեցնենք, որ իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր արտահայտությունները, որոնք, ըստ կազմակերպության, զրպարտություն են։ Կազմակերպությունը դատարանից նաև պահանջում է ոստիկանապետից բռնագանձել խորհրդանշական 10 ՀՀ դրամ` իրավապաշտպան կազմակերպությանը և ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած` ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին զրպարտելու համար:

Հարցին, թե պատասխանող կողմից ով էր ներկայացել դատարան, Արթուր Սաքունցն ասաց, որ ինչպես միշտ ներկա էր միայն Վլադիմիր Գասպարյանի շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի մայիսի 11-ին: