Հայաստանում կոյուղաջրերը լցվում են գետերը և ջրամբարները. ահազանգում է ջրաբանը

17:56 • 10.04.12

Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն ահազանգում է, որ ՀՀ քաղաքների, գյուղական վայրերի կոյուղաջրերը լցվում են գետերը և ջրամբարները, այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցում «Թեղուտ» բնապահպանական նախաձեռնության կազմակերպած համաժողովի շրջանակում:

«Մենք չունենք գետերի և ջրամբարների մաքրման ոչ մի կայան, սակայն մեր ամբողջ հանրապետության գետերը և ջրամբարները ոռոգման աղբյուր են: Կեղտաջրերը մեր վերգետնյա ջրերի մեջ լցվում են առանց մաքրման»,- ասաց ջրաբանը և ավելացրեց, որ այդ ջրերով չի կարելի ոռոգել հողը, քանի որ այն վտանգում է մեր առողջությունը:

Նա նաև նշեց, որ բոլոր քաղաքակիրթ երկրներն ունեն ինչպես խմելու ջրի, այնպես էլ ոռոգման ջրի նորմեր: «Մենք այսօր ինչ լցնում ենք ջրերի մեջ, այն էլ ուտում ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում այսօր գետերն ունեն մաքրելու կարիք:

Անդրադառնալով Արգավանդում տեղակայված կայանին՝ նա նշեց, որ այն ոչ թե լիակատար մաքրում է ջուրը, այլ միայն վերացնում է խոշոր աղբը, օրինակ՝ ձմերուկի կեղև, շշերը և այլն:

«Օրգանական աղտոտվածությունը մնում է գետում և լցվում մեր Արաքսը»,- ասաց նա: