ԱՄՆ-ն իրանական ահաբեկչական խմբավորում է նախապատրաստել. լրագրողական բացահայտում

01:50 • 10.04.12

ԱՄՆ-ում հայտնի լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր և New Yorker ամսագրի մշտական թղթակից Սեյմուր Հերշը հոդված է գրել, որտեղ ասվում է, թե 2005թ. սկսած՝ ամերիկյան հատուկ ծառայությունները Նևադա նահանգի անապատներում իրականացրել են Իրանի ժողովրդի մոջահեդներ (ԻԺՄԿ) պարտիզանական կազմակերպության, որը նաև հայտնի է «Մոջահեդին-է Խալկ» անվանումով, գրոհայինների նախապատրաստումը: «Մոջահեդին-է Խալկ» կազմակերպությունն այն կազմակերպությունների ցանկում է, որոնց ԱՄՆ պետդեպարտամենտը համարում է ահաբեկչական:

Հերշը պարզել է, որ Նևադայի լեռնային և անապատային շրջաններում, որ շատ նման են Իրանի տեղանքին, բազաներ են տեղակայված եղել, որոնցում ԻԺՄԿ-ի անդամները ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների մոտ վեցամսյա նախապատրաստական դասընթաց են անցել` կրիպտոգրաֆիայի, փոքր ստորաբաժանումների ռազմավարության և կրակային պատրաստության ոլորտներում:

Սեյմուր Հերշը, որպես ասվածի ապացույց, ներկայացնում է ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան աշխատակցի խոսքերը. «Մենք նրանց այստեղ էինք նախապատրաստում, և անցկացնում էինք Էներգետիկայի նախարարության միջոցով, քանի որ այդ նախարարությանն է պատկանում Նևադայի հարավի ամբողջ այդ տարածքը: Մենք նրանց անապատի հսկայական տարածքներում տարբեր տեղեր էինք գցում և նրանց մեջ զարգացնում էինք տեղեկատվություն պահպանելու կարողությունը»:

Հետախուզության նախկին աշխատակցի խոսքերով, ԻԺՄԿ-ի գրոհայինների նախապատրաստումը ավարտվել է Օբամայի նախագահ ընտրվելուց միայն մի կարճ ժամանակ առաջ:

ԱՄՆ հատուկ գործողությունների միավորված հրամանատարության ներկայացուցիչը հայտարարում է, որ նման բան չի եղել:

Հերշի փոխանցմամբ, նա ասել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները նման գործողություններ չեն իրականացրել և դրանց վերաբերյալ տեղեկություններ չեն ունեցել:

ԻԺՄԿ-ի գրոհայինների նախապատրաստման վերաբերյալ տեղեկությունները Սեյմուր Հերշի հետ զրույցում հաստատել է հետագայում այլախոհ դարձած և Լոնդոնում բնակություն հաստատած՝ կազմակերպության նախկին անդամը:

ԻԺՄԿ-ն ի սկզբանե իսլամական-մարքսիստական ուսանողական կազմակերոպություն էր, որը 1970-ական թվականներին կասկածվում էր ԱՄՆ 6 քաղաքացիների սպանության մեջ:


Խմբավորումը սկզբում դեմ էր Իրանում շահի կառավարմանը և մասնակցում էր 1979թ. հեղափոխությանը, սակայն հետագայում ԻԺՄԿ-ն պայքարում էր Իրանի հեղափոխական գվարդիայի դեմ: ԻԺՄԿ-ին են վերագրում իրանական ռեժիմի դեմ ուղղված մի շարք հարձակումների պատասխանատվությունը: Կազմակերպության հասցեին հնչող մեղադրանքների մեջ է նաև Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի հետ կապեր ունենալը:

1997թ. ԱՄՆ պետդեպարտամենտը ԻԺՄԿ-ն ներառեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

Խմբավորման ներկայացուցիչները հայտարարում են, որ հրաժարվել են զինված պայքարի ռազմավարությունից: ԱՄՆ մայրաքաղաքում՝ Սպիտակ տան դիմաց, պարբերաբար ցույցեր են տեղի ունենում, որոնց մասնակիցները ԱՄՆ իշխանություններին ԻԺՄԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու կոչ են անում:

2011թ. վերջին նման ակցիաներին մասնակցում էին ԱՄՆ ներքին անվտանգության նախկին նախարար Թոմ Ռիջը և Պենսիլվանիայի նախկին նահանգապետ Էդ Ռենդելլը:

 «Նախկինում ԻԺՄԿ-ն ծաղրանքի արժանի մի կազմակերպություն էր, իսկ այժմ այն Իրանում գործող հզոր կազմակերպություն է: Ինչպես ԻԺՄԿ-ն կարողացավ այդքան զորեղ ուժ դառնալ: Մասամբ դրան նպաստեց Նևադայի նախապատրաստությունը, մասամբ Իրաքի Քրդստանում նրանց տրամադրված աջակցությունը, ինչպես նաև Իրանի ներսում տրամադրված օգնությունը: Ներկայումս հնչեղ գործողություններ իրականացնելու ԻԺՄԿ-ի պոտենցիալն այնքան մեծ է, ինչքան չի եղել երբեք», - հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան խորհրդականը:

Տեղեկություններ կան այն մասին, որ իրանական միջուկային ոլորտի գիտնականների՝ վերջերս տեղի ունեցած սպանությունների մեջ ներգրավված են հենց ԻԺՄԿ-ի գրոհայինները: