Լեհաստանում հարգում են Սմոլենսկի ավիավթարի զոհերի հիշատակը
Այսօր` ապրիլի 10-ին, լրանում է Լեհաստանի նախագահական ինքնաթիռի` Սմոլենսկում աղետի ենթարկվելու 2-րդ տարելիցը: 2 տարի առաջ այս օրը լեհական կառավարական Տու-154 ինքնաթիռը Սմոլենսկում վայրէջքի ժամանակ աղետի էր ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել էր 96 մարդ` 88 ուղևոր և 8-հոգանոց անձնակազմը, այդ թվում` նախագահ Լեհ Կաչինսկին, նրա կինը, կառավարության կեսը:
Տարելիցի կապակցությամբ, Վարշավայի «Պովոնզկի» զինվորական գերեզմանատանը կանցկացվեն հիշատակի միջոցառումներ: Լեհաստանի ներկայիս նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կմասնակցի նախագահական պալատի մատուռում և զինվորական դաշտային եկեղեցում անցկացվելիք արարողություններին:
Մշակույթի նախարար Բոգդան Զդրոևսկու գլխավորած լեհական պատվիրակությունը մեկնել է ավիավթարի վայր: Նրանք կայցելեն զոհերի հիշատակը հավերժացնող ապագա հուշակոթողի վայրը:
Զոհված Լեհ Կաչինսկու եղբայր Յարոսլավ Կաչինսկին քննադատել է ներկայիս իշխանություններին, որ մինչ այսօր զոհերի հիշատակի հուշակոթող չի կանգնեցվել: Իր հերթին, Լեհ Կաչինսկու դուստրը` Մարթան, Եվրախորհրդարանից պահանջել է ավիավթարի պատճառները հետաքննող միջազգային հանձնաժողով ստեղծել:
Յարոսլավ Կաչինսկին նաև հայտնել է, որ Սմոլենսկի աղետն «առավել նման է ահաբեկչության»: Ի պատասխան` Լեհաստանի գլխավոր դատախազ Անջեյ Սերեմետը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է, և դեռ չկա միանշանակ տեղեկություն այն մասին, թե որն է եղել աղետի պատճառը:
Ռուսական կողմը գտնում է, որ ինքնաթիռը կործանվել է օդաչուների սխալի հետևանքով:
Ի դեպ, ռուսական կողմը պատրաստ է սկսել Սմոլենսկում վթարի ենթարկված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի բեկորները Վարշավային փոխանցելու գործընթացը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Նրա խոսքերով՝ այս հարցը վերջնականապես կլուծվի, երբ Ռուսաստանում ավարտվի ավիավթարի հետաքննությունը:
«Ռուսական կողմը արդեն պատրաստ է սկսել բեկորների փոխանցման գործընթացի տեխնիկական ընթացակարգը լեհ գործընկերների հետ»,- ընգծել է նա:









