Կարմիր խաչը թուրքմենական բանտեր այցի թույլտվություն է ստացել
Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության պատվիրակությունը մուտքի թույլտվություն է ստացել Թուրքմենստանի բանտեր, գրում է The Guardian-ը:
ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ պատվիրակությունը բանակցել է իշխանության ներկայցուցիչների հետ`քննարկելով ապագայում համագործակցելու հարցը:
Թուրքմենստանի ավտորիտար կառավարությունը երկար ժամանակ քննադատությունների թիրախում է եղել, քանի որ հրաժարվում էր միջազգային կազմակերպություններին երկրի բանտեր և բանտարկայանլներին այցելության թույլտվություն տալ:
Թուրքմենստանի իրավապաշտպան ակտիվիստները նշում են, որ կալանավայրերը գերհագեցած են և այնտեղ տարածված են բազմաթիվ հիվանդություններ: Կա կարծիք, որ իշխանությունները ձերբակալում են բոլոր այլախոհերին:
2006թ.-ին երկրի նախագահի պաշտոնը ստանձնելով` Գուրբանգուլի Բերդումուհամեդովը խոստացել էր, որ ժողովրդավարական բարեփոխումներ կիրականացնի: Սակայն քննադատները պնդում են,որ այդ խոստումները չեն իրականցվել:









