Վրացական գինին ռուսական շուկա կվերադառնա Պուտինի երդմնակալությունից հետո

12:19 • 10.04.12

Վրացական արտադրանքը ռուսական շուկա վերադարձնելու հարցը վերջնականապես կլուծվի Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի` մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո: Այս մասին այսօր «Ալիա» թերթին տված հարցազրույցում ասել է վրացի պատգամավոր Կախա Կուկավան, ով նոր է վերադարձել Մոսկվայից, որտեղ հարցի շուրջ բանակցություններ է վարել Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոյի հետ:

Նա նշել է, որ Մոսկվայում քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր:

Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր, որ Ռուսաստան արտահանումը կվերականգնեն վրացական 6 գինեգործ ընկերություններ:

Հիշեցնենք, որ 2006 թ.-ին Ռուսաստանն արգելք էր մտցրել վրացական գինիների ներկրմանը: Գինիները ռուսական շուկա վերադարձնելու հարցը քննարկվում է նախորդ տարվա մարտից:

«Արտադրանքի` ռուսական շուկա վերադարձը մեր գյուղատնտեսությունը, մեր գինիները փրկելու միակ հնարավորությունն է»,- ասել է պատգամավորը` միևնույն ժամանակ հավելելով, որ Ռուսաստան տարեկան կարող է արտահանվել 10 մլն շիշ գինի: Իսկ մինչ արգելքը, տարեկան արտահանվում էր 4 անգամ ավելի շիշ: