Ռագըփ Զարաքոլուն ազատ է արձակվել
Ստամբուլի ծանր հանցագործությունների 15-րդ դատարանն ազատ է արձակել թուրք հրատարակիչ, իրավապաշտպան, հայամետ դիրքորոշմամբ աչքի ընկնող Ռագըփ Զարաքոլուին. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Նրա հետ միասին ազատ են արձակվել Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK) «Քրդական համայնքների միությանը» (KCK), ահաբեկչական օգնություն ցուցաբերելու համար մեղադրվող ևս 15 անձ:
Հիշեցնենք, որ Ռագըփ Զարաքոլուի դեմ գործ էր հարուցվել «ահաբեկչական խմբավորմանն աջակցություն ցուցաբերելու» մեղադրանքով:
Ստամբուլի դատախազությունը արդեն պատրաստել է մեղադրական ակտը, ըստ որի եթե մեղադրանքը հաստատվի Հայոց ցեղասպանության մերժողականության դեմ պայքարող և հենց այդ գործունեության համար բազմիցս քրեական հետապնդման ենթարկված թուրք իրավապաշտպանին սպառնում է 7.5-ից 15 տարվա ազատազրկում:
Գործով Ռագըփ Զարաքոլուի հետ միասին 193 մեղադրյալ կա, որոնցից կալանքի տակ էին պահվում 147-ը:









