Սյունիքի մարզպետի «տանիքի» ներքո գործող «Սան Պալասը» խաղատունը գործել է ապօրինի (լուսանկարներ)
Երեկ իրավապահների կողմից գրոհի է ենթարկվել «Սան Պալաս» խաղատունը: Այս խաղատունը բացման օրվանից ի վեր որևէ հարկային պարտավորություն չի կատարել, քանի որ գործել է ապօրինի: Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սան Պալաս» -ը գործում է շուրջ երկու ամիս, սակայն ֆինանսների նախարարության կողմից չունի լիցենզիա:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չլիցենզավորված խաղատունը պատկանում է ոմն Արթուրի, որը Կապանում հայտնի է «Աբաս» մականունով: Նա Հայաստան է տեղափոխվել Մոսկվայում բնակվող մեծահարուստ Միրիկի սպանությունից հետո, որտեղ եղել է այդ մարդու վարորդը: Ի դեպ, Միրիկը Մոսկվայում նույնպես խաղատնային բիզնես է ունեցել:
Ըստ որոշ լուրերի՝ այս խաղատան «տանիքը» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, ինչով էլ բացատրվում է այդ օբյեկտի՝ արտոնյալ պայմաններում գործելը: Մեր տեղեկություններով՝ իրավապահները բռնել են նույնիսկ այդ պահին խաղատանը գտնվող հաճախորդներին: Կապանցիները պատմեցին, որ խաղատան համար դիլեր-աղջիկներ բերել էին Ուկրաինայից:












