«Ընտրամարտ 2012» -ին քաղաքական ուժերի մեջ բանավեճ չստացվեց. բացակաները շատ էին

16:29 • 11.04.12

«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Ընտրամարտ 2012» բանավեճին համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի ընտրություններին առաջադրված 9 քաղաքական ուժերից հրավիրվել էին բոլորը, սակայն ներկայացել էին միայն 4 կուսակցությունների ներկայացուցիչները` «Միավորված հայեր», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Ժառանգություն»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը ընդդիմադիր դաշինքը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրաժարվել էին մասնակցել, պատճառաբանելով, որ նպատակահարմար չեն գտնում իրենց մասնակցությունը: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից համաձայնել էին, սակայն չին ներկայացել քննարկմանը:

Նախատեսված բանավեճը, ըստ էության, այդքան էլ չստացվեց, թերևս այն պատճառով, որ կոալիցիոն ուժից ոչ ոք չկար: Հրավիրվածները հիմնականում խոսեցին իրենց ծրագրերի ու առաջարկների մասին, մանրամասնեցին, թե ինչու են մասնակցում ընտրություններին և ինչ նպատակներ ունեն: Բոլորի նպատակները հստակ էին՝ երկրում բարեփոխումներ իրականացնել:

ՀՅԴ ներկայացուցիչ Արա Նռանյանը նշեց, որ այս տարի ՀՅԴ-ի հնարավորություններն ավելի շատ են։ Այդուհանդերձ, նրա խոսքով, սակայն խնդիրն այն է, որ իրենց համակիրները շատ են, մինչդեռ երբ ընտրություններից հետո արդյունքներն ամփոփվում են, ստացվում է, որ ավելի քիչ մարդ է իրենց օգտին քվեարկել։

«Հասարակության շրջանում հարցում ես անում, պարզվում է, որ մեծ մասը դժգոհ է իշխանություններից, իսկ թե ում կընտրեն բավական մասը նշում է իշխող ուժին»,- ասաց նա և բացատրեց, որ իրենց նպատակն է, որպեսզի մարդիկ հասկանան, որ իշխող ուժից ազատվելու տարբերակն ընտրություններն են:

«Միավորված հայեր» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Երանոսյանը հավատացրեց, որ կուսակցությունը շատ բան ունի ասելու, և՛ հասարակության, և՛ իր ընտրողների, և՛ չկողմնորոշված զանգվածի համար, ուստի բարձր մեծ պատասխանատվություն է ստանձնում: «Նոր խոսք, նոր ձայն, նոր ուժ: Մեր ընտրազանգվածը հիմնականում ինտելիգենցիան է, և նրա հետ աշխատանքի մեթոդներն արդեն իսկ մշակվել են»,- ասաց նա:

«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը պնդեց, որ իրենք ինչպես նախորդ ընտրություններին ապացուցեցին, որ տեր են խոստումներին, այսօր նույնպես կապացուցեն, որ միասին սարեր են շարժելու: Արմեն Մարտիրոսյանը հստակեցրեց, որ ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, իրենց թիրախը ոչ թե ՀՀԿ-ն է, այլ կոալիցիան, քանի որ, ըստ նրա, հենց կոալիցիան է պատասխանատու երկրում առկա սոցիալական նման ծանր իրավիճակի համար:

«Պատասխանատվությունից խուսափել որևէ մեկին չենք կարող թույլ տալ»,- ասաց՝ Արմեն Մարտիրոսյանը և կանխատեսեց, որ «ընտրությունները կգնան Հրազդանի սցենարով, տեղամասերում ավելի հանգիստ կլինի»։ Ըստ նրա՝ սակայն դրանից առաջ կօգտագործվի վարչական ռեսուրսը: «ԲՀԿ-ին գցում են ընդդիմադիր դաշտ, սակայն փաստ է, որ նա կոալիցիոն հուշագրից չի հրաժարվում»,- ասաց նա:

Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ խորհրդարանում գաղափարական պայքարը բավարար չէ, իսկ սոցիալ-տնտեսական վիճակը աղետալի, ուստի նրանք գալիս են այս բացը լրացնելու համար:
Քննարկման մասնակիցներ նաև խոսեցին տնտեսական ծրագրերից , և ներկայացրեցին իրենց առարկներն այս ոլորտում: Առաջարկները հիմնականում վերբերում էին տեղական արդյունաբերության զարգացմանը, հարկային բեռի թեթևացմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը, ստվերի կրճատմանը: