Ռուսաստանի մոլլաների խորհրդում չեն բացառում, որ Մեհտիևին սպանել են սքինհեդները

22:45 • 11.04.12

Ռուսաստանի մոլլաների խորհրդում չեն բացառում, որ մահմեդական հասարակական գործիչ, Ռուսաստանի իսլամական մշակույթի կենտրոնի միջազգային բաժնի ղեկավար Մեթին Մեհտիևի՝ այսօր Մոսկվայում կատարված սպանությունը իրականացվել է էթնիկ հողի վրա:

Խորհրդի ղեկավար, մուֆթի Ռավիլ Գայուտդինի կարծիքով, դա չի կարելի որակվել այլ կերպ, քան ծիսական սպանություն. Մեհտիևին ծեծել և կոկորդը կտրել են:

Նրա դեմ հարձակումներ նախկինում ևս եղել են: Մեհտիևի դեմ 2003թ.-ին ազգայնականների կողմից հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներ էր ստացել և հոսպիտալացվել:

Քննչական մարմինները առաջնահերթ են դիտարկում թալանի նկատառումով իրականացված սպանության տարբերակը: Հաստատված է, որ սպանվածի մոտից գողացվել է բջջային հեռախոս, գումար, ինչպես նաև վարձակալված բնակարանի բանալիները:

Վերջին տվյալներով և վկաների ցուցմունքների համաձայն՝ քննչական խումբը պարզել է, որ մարդասպանները չորսն են եղել` երկու տղամարդ և երկու կին: Շրջանառվում է նաև մի տեսակետ, ըստ որի՝ Մեհտիևի վրա են հարձակվել մեկ նպատակով` մի քանի հազար դոլար արժողությամբ Vertu հեռախոսը գողանալու համար: