Վլադիմիր Կարապետյանի պատասխանը Սամվել ֆարմանյանի նախաձեռնությանը
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ, Երևանի՝ Նոր-Նորքի և Ջրվեժ թաղամասերն ընդգրկող թիվ 2-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանը դրական է վերաբերվում Հայաստանի հանրապետական կուսակցությունից նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Ֆարմանյանի՝ գովազդային վահանակների և իր հակառակորդին աջակցելու նախաձեռնությանը:
«Սամվել Ֆարմանյանի նախաձեռնությանը վերաբերվում եմ շատ դրական։ Միևնույն ժամանակ ես պետք է ասեմ, որ իմ պայքարը հանցավոր ռեժիմի դեմ է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը 1in.am լրատվական կայքում մի հաղորդագրություն էր տարածել, որով նշել էր, որ իրեն չեն տրամադրում նախընտրական պաստառներ տեղադրելու հնարավորություն:
«Երեք օր է՝ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է, սակայն պաստառ ամրացնելու թույլտվություն մինչ այժմ չեմ ստացել, մինչդեռ իմ մրցակցի՝ Սամվել Ֆարմանյանի պաստառներն ամենուր են հենց ապրիլի 8-ից: Սա վկայում է անհավասար մրցակցային դաշտի մասին»,- ասել է Վլադիմիր Կարապետյանը:
Հաղորդագրությունը տարածելուց հետո Վլադիմիր Կարապետյանի քաղաքական մրցակից Սամվել Ֆարմանյանը Facebook սոցիալական կայքի իր էջում ևս մի հաղորդագրություն է տարածել:
«1in.am կայքէջից տեղեկացա, որ ՀԱԿ-ի կողմից մեր՝ N2 ( Նոր Նորք) ընտրատարածքում առաջադրված թեկնածու Վլադիմիր Կարապետյանը խոսել է գովազդային վահանակները տնօրինող կազմակերպության կամ կազմակերպությունների կողմից իր քաղաքական գովազդային վահանակը կամ վահանակները տեղադրելու հարցում առաջ եկած անհասկանալի դժվարությունների կամ անորոշության հետ (նկատի ունի «մասին» – խմբ.):
Սույնով հայտարարում եմ, իմ նախընտրական շտաբի իրավաբանները պատրաստ են պարոն Կարապետյանի շտաբի իրենց գործընկերների հետ միասին խորամուխ լինելու, հասկանալու խնդիրը և գործադրելու բոլոր հնարավոր ջանքերը՝ հասնելու օրենքի, ԿԸՀ որոշումների ու գործող կարգի ամբողջական գործողությանը:
Անգամ եթե, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, հնարավոր չլինի համատեղ ուժերով հասնել խնդրի լուծմանը, պատրաստ եմ, եթե դա թույլատրում են գործող օրենսդրական ու իրավապայմանագրային հանգամանքները, իմ շտաբի կողմից վարձակալած գովազդային վահանակներից մեկը հանել և այնտեղ տեղադրել իմ մրցակից թեկնածուի՝ պարոն Կարապետյանի, որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի քաղաքական գովազդը:
Հ.Գ. Ես այս մասին անձամբ տեղեկացրել եմ նաև Վլադիմիր Կարապետյանին և կսպասեմ պարոն Կարապետյանի արձագանքին»,- ասվում է Ֆարմանյանի հաղորդագրության մեջ:
Tert.am-ի հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանը ասաց, որ իր պայքարը հանցավոր ռեժիմի դեմ է, և իր քաղաքական հակառակորդը ևս այդ ռեժիմի անդամն է:
«Իմ պայքարը հանցավոր ռեժիմի դեմ է, ի դեմս հանրապետական կուսակցության: Իմ պայքարը մարդասպան ոստիկաններին պարտակող ռեժիմի դեմ է, ովքեր կրակել են մարտի մեկին հարակցության վրա, այն ռեժիմի դեմ, որոնք պարտակել են հանցագործներին, այն ռեժիմի դեմ, որը հասցրել է Հայասպանին աղետի եզրին, որի գործունեության հետևանքով արտաքին քաղաքականության լրջագույն հետընթաց կա, որի շնորհիվ աճել է արտագաղթը»,– նշեց Վլադիմիր Կարապետյանը:
Հարցին, թե կհրաժարվի Սամվել Ֆարմանյանի առաջարկից, ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ իր համար «ռեժիմի ցանկացած ներկայացուցչի կողմից» արված առաջարկն անընդունելի է, հատկապես այն դեպքում, երբ իրեն պաստառների համար տեղ չեն տրամադրում օրենքի խախտումով:
ՀԱԿ ներկայացուցիչը նշեց նաև, որ ինքը ունի այնպիսի իրավաբաններ, որոնք կկարողանան իր շահերը պաշտպանել:









