Ես քայլ եմ արել ու այս պահին ձեռնպահ եմ մնում մեկնաբանությունից. Դավիթ Առաքելյան

13:59 • 11.04.12

«Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 71-րդ հորիզոնականում ընդգրկված Դավիթ Առաքելյանը չի մեկնաբանում ինքնաբացարկ ներկայացնելու իր որոշման դրդապատճառը:

«Ես քայլ եմ արել ու այս պահին ձեռնպահ եմ մնում որևիցե մեկնաբանություն տալուց»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Դավիթ Առաքելյանը, ով «Ժառանգության» ցուցակում ընդգրկված է «Ազատ դեմոկրատների» ցանկով:

Նա չցանկացավ պատասխանել նաև, թե ինչո՞ւ էր ընդգրկվում ցուցակում, եթե մի քանի օր անց ինքնաբացարկ էր ներկայացնելու:

Վերջինս, հիշեցնենք, «Ժառանգության» ցանկում չընդգրկված Արարատ Զուրաբյանի մտերիմ ընկերն է և նրա տեղակալն էր՝ Կենտրոն համայնքի թաղապետ եղած ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ Արարատ Զուրաբյանը ներկա չէր «Ժառանգության» նախընտրական ծրագրի շնորհանդեսին:
«Արարատ Զուրաբյանը երբեք ոչ մեկից նեղացած չի եղել»,- փոխանցեց Դավիթ Առաքելյանը, ով ևս ասաց, որ ոչ մեկից նեղացած չէ:

Բացի Դավիթ Առաքելյանից, «Ժառանգության» ցուցակից ինքնաբացարկ էր ներկայացրել նաև Երվանդ Զուրաբյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը այս երկու ինքնաբացարկները որակել է հերթական ապացույցը, որ Հայոց համազգային կուսակցության վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը խզում է հարաբերությունները «Ազատ դեմոկրատների» հետ:

Ինքը՝ Արարատ Զուրաբյանը շարունակում է անհասանելի մնալ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից մեկնաբանություններ ևս չկան:

«Դա իրենց անձնական որոշումն է, յուրաքանչյուր մարդ ազատ է իր որոշումների մեջ, և մենք բոլորս պարտավոր ենք հարգել այդ որոշումները»,- ասաց կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը:

Կուսակցությունում նաև հերքում են, որ ինքնաբացարկների պատճառը ոչ անցողիկ տեղում ընդգրկվածությունն է:
Ի պատասխան հարցադրման, թե չե՞ք կարծում, որ Արարատ Զուրաբյանի թևն իր գլխավորությամբ լքում է կուսակցությունը, Անժելա Խաչատրյանն ասաց. «Որևէ մեկը Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ չի լքում կուսակցությունը ու որևէ տեղից որևէ տեղի չի գնում»: