Գայանե Առուստամյանը բանավեճի է հրավիրում Ռուբեն Հայրապետյանին

13:30 • 11.04.12

Թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Գայանե Առուստամյանն իրեն մրցակից է համարում նույն ընտրատարածքում առաջադրված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին և նրան հրավիրում է բանավեճի:

«Ռուբեն Հայրապետյանն է իմ մրցակիցը, և իշխող ռեժիմն է, որի դեմ միշտ պայքարել եմ որպես քաղաքացի, որպես լրագրող և Ռուբեն Հայրապետյանը խորհրդանշում է այդ ռեժիմը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորության թեկնածուն:

Նա դիմեց ասուլիսին ներկա «Արմենիա» հեռուստաընկերությանը` խնդրելով հնարավորություն տալ բանավիճելու. «Փոխանցեք իմ բանավեճի հրավերը, թող գա հրապարակ, խոսենք, իր տեսակետը թող հայտնի խորհրդարան գնալու իր ծրագիրը»,- ասաց նա և ավելացրեց, որ Ռուբեն Հայրապետյանն «իր հոժար կամքով էլ չի առաջադրվել»:

Ինչ վերաբերում է Ստյոպա Սաֆարյանին, ապա լրագրողն ասաց, որ նրա հետ բանավիճելու խնդիր չունի: «Ես նրա քաղաքական գործունեությունը լուսաբանել եմ, հիշում եմ նրան, եթե որևէ ֆորմատում հայտնվենք, նրա հետ էլ կխոսեմ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ընդդիմությունն ի վերջո մեկ թեկնածու չներկայացրեց թիվ 1 ընտրատարածքում, նա ասաց, որ երբ նա գնացել է առաջադրվելու, որևէ մեկը դեռ չէր առաջադրվել:

«Ստյոպան, եթե գնացել է, եթե տեսել է, որ կա թեկնածու, կարող էր կապվել նրա հետ, եթե դա այնքան մտահոգում էր իր կուսակցությանը և ձայն չփախցնելու հանգամանքը, կարող էր գալ համաձայնության ՀԱԿ-ի հետ»,-նկատեց Առուստամյանը` ավելացնելով, որ եթե ՀԱԿ-ն ասեր, միգուցե նա չառաջադրվեր:

Խոսելով նախընտրական քարոզչությունից՝ թեկնածուն նշեց, որ ունի մեկ ենթաշտաբ, իսկ քարոզչությունն իրականացնելու է դռնեդուռ:

«Ունեմ մեկ ենթաշտաբ, որը մեկ ամսով իմ համակիրն է տրամադրել: Ուզում եմ ասել, որ իմ թիմը շատ ուժեղ է, «Ժառանգությունից» անջատված Զոյա Թադևոսյանի թիմն է, իսկ Զոյան իմ շտաբի ղեկավարն է նաև», ասաց նա:

Գայանե Առուստամյանը ներկայացրեց նաև իր կարգախոսները, որոնք երկուսն են` «Քվեարկիր, որ չպարտվես» և «Ոչ մի քվե հանցավոր ռեժիմին»։ Վերջինը ՀԱԿ-ի կարգախոսն է։

«Քվեն իրական ուժ է, եթե քաղաքացին, տեր չի կանգնում իր քվեին, քաղաքացին պարտվում է և իշխանությունը ձևավորվում է կեղծված ընտրությունների միջոցով»,- կարգախոսի ընտրությունը բացատրեց թեկնածուն: