Մարտի 1-ի զոհի մորը հանում են ընտրացուցակներից. Գայանե Առուստամյան

18:04 • 11.04.12

Թիվ 1 ընտրատարածքի յուրաքանչյուր տեղամասի ընտրացուցակներում կա մոտ 1000 անճշտություն, այս եզրահանգման են եկել այդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, լրագրող Գայանե Առուստամյանի շտաբի աշխատակիցները:

Այսօր կայացած ասուլիսին Գայանե Առուստամյանը նշեց, որ պարզել են, որ ընտրացուցակներից բացակայում է նաև մարտի մեկի զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր անունը։

«Սա լկտիություն է, որ մարտի մեկի զոհի մորը ցուցակից հանում են, սա կոնկրետ վերաբերմունք է: Ֆադեյին, չեն հանել մեծ հարգանք ունեն նրա հանդեպ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Գիտությունների զգային ակադեմիայի նախկին նախագահ, լուսահոգի Ֆադեյ Սարգսյանի անունը հայտնվել էր ընտրական ցուցակներում, որից հետո Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պաշտոնապես ներողություն էր խնդրել Ֆադեյ Սարգսյանի ընտանիքից և նրան անունը հանել ցուցակներից։

Նա տեղեկացրեց, որ Ավան և Մասիվ վարչական շրջանների մի հատվածն ընդգրկող տարածքում Ոստիկանության տվյալներով 64 հազար ընտրող է ընդգրկված։

«Բայց արժանահավատ չէ, որոշել ենք ինքներս ճշտել: Մեղմ ասած ուռճացված է»,- նշեց նա և ավելացրեց, որ թիվ 1 ընտրատարածքում նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների թիվն ավելացել է 4000-ով:

Նա նկատեց, որ թեև բնակչության զգալի մասը բացակայում է երկրից, թեև Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ չափահասների քանակը քիչ է, արտագաղթը շատ է, բնակչության թվաքանակը ավելանում է։

«Մեկ տեղամասում հայտնաբերել ենք 200 անճշտություն, իսկ ընդհանուր կա
35 տեղամաս, եթե 200-ը բազմապատկեք 35-ով, ապա կստացվի 7000: Նրանք կամ ֆիզիկապես գոյություն չունեն, Հայաստանում չեն, կամ մահացած են»,-ավելացրեց թեկնածուն:

Մյուս անճշտությունները կապված են ընտրացուցակներում առանց ծննդյան ամսաթվի ընտրողների հետ:

«Տեղամասերի վրա շատ տարօրինակ անձինքն են բաշխված, որոնցից յուրաքանչյուրի ծննդյան թվի առջև գրված է 00 ամսաթիվ»,- նշեց նա և ավելացրեց, որ այս հարցով դիմել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանին, ով ասել է, որ այդ մարդիկ Ադրբեջանից եկած փախստականներ են և չունեն ծննդականներ, այդ իսկ պատճառով հայտնի չէ նրանց ծննդյան թվերը:

Սակայն նրան զարմացնում է, որ նման տվյալները 700-ն են և հավասարապես բաշխված են բոլոր ընտրացուցակներում:

«Դա ուղղակի հանցագործություն է, դա կեղծ փաստաթուղթ է: Նման փաստաթղթով կհրաժարվի նույնիսկ պետությունը բանկային գործարք անել, օրինակ: Զարմանալի է, որ այդ մարդուց չեն ուզում իր անձնագիրը խորհրդային, այլ ծննդական են ուզում»,- ասաց նա:

Գայանե Ռուստամյանը կարծում է, որ սա վիրավորում է նաև իրեն որպես թեկնածուի և քաղաքացու: «Սա անհեթեթություն է, վիրավորանք է իմ հանդեպ՝ որպես թեկնածուի, որպես ընտրողի, որպես ՀՀ քաղաքացու»,- ասաց նա։

Թեկնածունի կարծիքով՝ այս բոլոր խախտումներն արդեն վկայում են, որ ընտրությունները կեղծված են լինելու։ «Նույն տրամաբանությամբ, կարող է լինել նաև ամբողջ հանրապետության տարածքով: Ինձ ընտրելու են ողջերը, իմ մրցակցին` մեռյալները»,- վերջում ավելացրեց լրագրողը: