Johnson & Johnson-ը 1,1 մլրդ դոլարի տուգանք պետք է վճարի անբարեխիղճ գովազդի համար

23:59 • 11.04.12

Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունն անբարեխիղճ գովազդի պատճառով տուգանվել է 1.1 մլրդ ԱՄՆ դոլար գումարով, հաղորդում է gazeta.ru պարբերականը` հղում կատարելով Bloomberg-ին:

ԱՄՆ Արկանզաս նահանգի Լիտլ-Ռոք քաղաքի դաշնային դատարանը որոշում է կայացրել, որ Johnson & Johnson-ը և իր ստորաբաժանում հանդիսացող Janssen-ը խախտել են սպառողների իրավունքների պաշտպանության օրենքը: Նրանք, խթանելով` Risperdal նեյրոլիպտիկ պրեպարատի վաճառքը, այն ներկայացրել են՝ որպես ավելի անվտանգ, քան մրցակիցներինը և թաքցրել են բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են դրա օգտագործմամբ:

Դատարանը հատուկ նշել է, որ բիզնես հսկան ավելի կարևորում է եկամուտը, քան մարդուն:

Risperdal պրեպարատի վաճառքի գագաթնակետը 2007թ. էր, երբ ընդհանուր եկամուտը հասավ $4,5 միլիարդի: Սակայն հետագայում՝ 2010 թվականից, երբ ընկերությունը կորցրեց արտոնագրային մենաշնորհը, եկամուտը նվազեց և կազմեց 527 մլն ԱՄՆ դոլար:

Դատավճռից հետո Johnson & Johnson-ի բաժնետոմսերի գինը նվազել է` հասնելով 64,09 դոլարի: