ԵՊՀ–ի հսկողությունը կտեղավորենք մեր ժամանակացույցում. ԿԳ նախարար
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ՀՊՏՀ–ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց հսկողության տակ են բոլոր բուհերը, քանի որ գրեթե բոլոր բուհերից էլ ահազանգեր հնչում են։ Հարցին, թե ԵՊՀ–ից չկան արդյոք ահազանգեր, նախարար Աշոտյանը պատասխանեց, որ այնտեղից ևս կան ահազանգեր, ուստի ԵՊՀ–ն ևս իրենց հսկողության տակ կվերցվի։ «ԵՊՀ–ն՝ որպես շատ մեծ բուհ, մեզանից շատ ժամանակ կպահանջի, բայց կտեղավորենք մեր ժամանակացույցում, կարծում եմ մայիսից հետո»,– նշեց նախարարը։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ չնայած ահազանգերին, իրենց համար կարևոր է այդ բողոքների իրավաչափությունը, որքանով են դրանք համապատասխանում իրականությանը և որքանով են օբյեկտիվ։ Հարցին, իսկ ձեր հարազատ բուհից՝ բժշկական համալսարանից, չկան դժգոհություններ, Աշոտյանն արձագանքեց. «Իմ համար բոլոր բուհերն էլ հարազատ են և որպես դեռևս ԿԳ գործող նախարար՝ ի հեճուկս մամուլի, ես մինչև աշխատաքանքային վերջին օրս՝ կլինի դա վաղը, կլինի 5 տարի հետո, պետք է ապահովեմ այն, ինչը գտնում եմ ճիշտ, իսկ դա ՀՀ օրենքների կիրառումն է մեր բուհական համակարգում»։









