Արտերկրից առաջնորդներ Պուտինի երդմնակալության արարողությանը չեն լինի
ՌԴ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանն արտերկրից առաջնորդներ չեն լինի, հայտնում են ՌԴ նախագահի գրասենյակից:
«Կոմերսանտ» թերթը գրել էր, որ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի` մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանը ներկա կգտնվեն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ու Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որոնց հետ Պուտինը «մտերիմ» է, իսկ հետխորհրդային երկրները կներկայացնեն Ղազախստանի, Ուկրաինայի ու Բելառուսի առաջնորդները:
«Կոմերսանտ»-ին նման տեղեկություն էր հայտնել Նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը, ում գլխավորած գերատեսչությունն է պատասխանատու արարողության նախապատրաստման ու անցկացման համար:
Անդրադառնալով տեղեկությանը` Կրեմլից այսօր հայտնել են, որ հաստատված ավանդույթի ու պրակտիկայի համաձայն` երդմնակալության արարողությանն արտերկրից առաջնորդներ հրավիրելու հարց չի քննարկվում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Վարչապետ Պուտինը նախագահ էր ընտրվել մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում:









