Հայաստանում վիրավորանքի, զրպարտության մասին գործերը նվազում են. իրավաբան
Վիրավորանքի և զրպարտության գործով Հայաստանում դատական գործերի կտրուկ նվազում է նկատվում, այս եզրակացության են եկել «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը` ուսումնասիրելով 2010թ. հունիսից մինչև 2012թ. մարտի 1-ը ժամանակահատվածում դատական գործերի վիճակագրությունը:
«Հիմնական դերակատարումը դատարաններն ունեին, որոնք սկսեցին արդյունավետ կերպով նվազեցնել դրամական փոխհատուցման չափերը: Կողմերը ավելի շատ են մտածում արտադատարանական ճանապարհով լուծելու մասին: Լրագրողներն ավելի շատ հասկանում են, որ խնդիրները էթիկայի և իրավական դաշտում են»,- այսօր ասուլիսին ասաց իրավաբան, փորձագետ Արայիկ Ղազարյանը` ներկայացնելով ուսումնասիրության եզրակացությունները:
Իրավաբանը կարծում է, որ լրագրողները պետք է այնպես աշխատեն, որպեսզի դատարան գնալը մեծ ռիսկ լինի. «Եթե լրագրողը հեշտ է խաղում բառերի հետ, շատ հեշտ է մտնում դատարան: Այնպես պետք է աշխատել, որ դատարան գնալը մեծ ռիսկ լինի»,- ասաց նա:
Նա նշեց, որ Սահմանադրական վարույթներն ամենաշատը օգոստոսին են եղել, որից հետո կտրուկ նվազում է նկատվել, ինչը պայմանավորված է «Զրպարտության և վիրավորանքի» մասին օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած դիմումով:
«Դրանից հետո դատարաններում նոր գործեր չկային, հին գործերն էլ կասեցված էին»,- ասաց Արայիկ Ղազարյանը՝ ավելացնելով, որ սրանում իրենց դերակատարությունը ունեցան դատարանները և հասարակության ակտիվ հատվածը։
Արայիկ Ղազարյանը նշեց, որ ուսումնասիրվել է դատական 44 գործ: Լրատվամիջոցներից ամենից շատ դատական գործեր են հարուցվել տպագիր մամուլի դեմ` 75%, Էլեկտրոնային լրատվամիջոցների դեմ` 28%, հեռուստատեսության դեմ՝ 12%:
Հայցվորներից ամենաշատը եղել են սովորական քաղաքացիները` 18, ապա պաշտոնյաները և պետական կազմակերպությունները` 9, քաղաքական գործիչները` 10, այնուհետև ոչ պետական կազմակերպությունները` 8, ապա փաստաբաններ՝ 4, հանրային դեմքեր՝ 2, շոու բիներսի ներկայացուցիչներ՝ 1, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ՝ 1, լրատվական կազմակերպություն՝ 1:
Ըստ Ղազարյանի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բավարարվել է հայցերի 11%–ը, որոնց դրամական փոխհատուցումը կազմել է 10 մլն:
Նա նշեց նաև, որ շատ երկրներում ընդունված է, որ հանրային դեմքերի համար ավելի քիչ փոխհատուցում պետք է նախատեսվի, այնինչ մեզ մոտ հակառակն է:









