«Ժառանգություն» կուսակցությունը պայման դրեց կամ մնալ միասնական շտաբի կազմում կամ ոչ. կողմերը համաձայնության չեկան

13:19 • 11.04.12

«Ժառանգություն» կուսակցությունը պայման է դնում՝ կա՛մ շարունակել ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի 4 քաղաքական ուժերի աշխատանքները, հանուն ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների, եթե այս ուժերի առաջին դեմքերը ստորագրեն շտաբի գործնական քայլերի վերջնական որոշման փաստաթղթի տակ, կա՛մ իրենք կքննարկեն շտաբից դուրս գալու հարցը: «Իմ ստորագրությունը ուժի մեջ է, եթե պայմանը բավարարվի, մենք կշարունակենք աշխատել, մյուս դեպքում կմտածենք»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

ՀՅԴ–ն և ՀԱԿ-ը պատրաստակամություն հայտնեցին պայմանը կատարել, հատկապես, երբ ՀՅԴ-ի դեպքում դա արդեն արվել է: Իսկ Լևոն Զուրբյանը նշեց. «Եթե քեզ անհրաժեշտ է Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ես կարող եմ գնալ, բերել»:
Միակ խնդիրը «Բարգավաճ Հայաստանինն» էր, որը այս հարցն ուղղակի չէր քննարկել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Կուսակցության ներկայացուցիչը զգուշացրեց, որ եթե ԲՀԿ-ն է խնդիրը, հատկապես, երբ «Ժառանգության» դեպքում մեկ այլ առարկման դրույթ կրկին ԲՀԿ-ին էր վերաբերում, այն հարցի կապակցությամբ, որ Գագիկ Ծառուկյանի ստորգարությունը դրվել է և՛ կոալիցիոն հռչակագրի տակ, և՛ այս նոր փաստաթղթի տակ, ինչը հակասական է, ապա իրենք կարող են դուրս գալ և շտաբին օգնել կողքից: Այս առաջարկին ՀՅԴ և ՀԱԿ ներկայացուցիչները դեմ արտահատվեցին:

Վարդան Օսկայնայնը զգուշացրեց. «ԲՀԿ-ն կարող է այնպիսի ռեսուրսներ դնել, որ դու կզարմանաս»:
Ռուբեն Հակոբյանը պայման դնելուց հետո լքեց սենյակը, որից հետո կողմերը եզրահանգեցին, որ պետք չէ մի ուժ պնդի այն, ինչի անհրաժեշտությունը չկա:

Մյուս դրույթների շուրջ շարունակվեց քննարկումը առավել գործանկան քայլերի առաջարկով:

Կողմերը հաջորդ քայլերը պայմանավորվեցին տեղեկացնել միմյանց և նաև պայմանավորվեցին հանդիպել ապրիլի 18-ին: