Միասնական շտաբը՝ «շարքերի բյուրեղացման» առիթ

17:21 • 11.04.12

Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի աշխատանքների քննարկմանը «Ժառանգություն» կուսակցության առաջարկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գնահատում է որպես պատրվակ՝ ձեռք բերված պայմանավորվածությունից հետ կանգնելու համար:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում կայացած շտաբի հերթական նիստում «Ժառանգությունը» ներկայացնող Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ կմասնակցի շտաբի աշխատանքներին, միայն եթե համաձայնագիրը ստորագրեն ԲՀԿ–ի, Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդները։

«Մենք կարգապահ կուսակցություն ենք և, եթե պարոն Օսկանյանը միացել է քառյակի ստորագրությանը, ապա միանշանակ եղել է Գագիկ Ծառուկյանի լիազորությունը, այլ կերպ մեր կուսակցությունում չէր էլ կարող լինել: Իսկ եթե որոշ կուսակցություններում, որոնք, ի դեպ, որևէ առիթ բաց չեն թողնում գոռգոռալու ներկուսակցական ժողովրդավարության և բազմակարծության մասին, վավեր կարող է համարվել միայն կուսակցության նախագահի խոսքը, ստորագրությունն ու ժեստը, ապա ներկուսակցական ժողովրդավարության մասին ամենից բարձր գոռալուց առաջ արժե, երևի թե, մի քիչ մտածել»,- Tert.am–ի հետ զրույցում նշեց ԲՀԿ նախընտրական շտաբի ներքին քարոզչության համակարգող Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ եթե այդ ամենն ընդամենը ձեռք բերված պայմանավորվածությունից հետ կանգնելու համար պատրվակ է, ապա պետք չէ անհասկանալի պատճառաբանություններ առաջ քաշել և անհասկանալի կեցվածք ընդունել: «Բոլորիս համար էլ պարզ ու հասկանալի է նման պահվածքի իրական մոտիվացիան, ինչպես նաև հասկանալի է, թե որտեղից են իջեցվում ԲՀԿ-ի դեմ ելույթներ ունենալու պետական պատվերները»,– ասաց նա:

Կայքերից մեկի պնդմամբ՝ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը Ռուբեն Հակոբյանին ասել է, որ ԲՀԿ-ն ընտրակեղծիքների դեմ պայքարում այնպիսի ռեսուրսներ է ներդնելու, որ Հակոբյանը զարմանալու է, իսկ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ արձագանքել է՝ «շարքերը բյուրեղանում են», այսինքն, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, շարքերը մաղվում են։

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչը՝ Արմեն Ռուստամյանը, Tert.am-ի հետ զրույցում չցանկացավ լրացուցիչ մեկնաբանություններ տալ՝ ասելով, որ իր տեսակետն արդեն արտահայտել է:

ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն է կուսակցության առաջին դեմքը:

«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ դեռևս նախորդ նիստին միասնական շտաբ ստեղծելու «էության, գաղափարների կամ սկզբունքների» վերաբերյալ հռչակագրի ստորագրման ժամանակ էլ պայման է դրել, որ «Ժառանգությունը» հետագայում դետալացման ենթակա ամբողջական փաստաթուղթը կստորագրի պայմանով, որ այն կստորագրվի հավաքին ներկա քաղաքական ուժերի առաջնորդների կամ առաջին դեմքերի կողմից:

«Եվ սպասում էինք, որ այսօր այս պայմանի վերաբերյալ պետք է դիրքորոշումներն արտահայտեն: Ցավոք սրտի, մեր պայմանը չկատարվեց։ Դաշնակցությունը կողմ էր, ՀԱԿ-ի ներկայացուցիչը թեական պատասխան տվեց, ասաց, որ եթե պետք է՝ «ես կգնամ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը կբերեմ», իսկ «Բարգավաճն», ընդհանրապես, ոչինչ չպատասխանեց»,- ասաց Ռուբեն Հակոբյանը և պարզաբանեց, թե ինչու են պնդում առաջին դեմքերի ստորագրության կապակցությամբ՝ հավելելով. «Դա ավելի կլեգիտիմացնի այս նախընտրական շտաբի էությունը, կարգավիճակը, ավելի համոզիչ կդառնա հասարակությանը և վերջապես՝ որոշ քաղաքական ուժերի համար պետք է հստակեցվի՝ իրենք ո՞ր քաղաքական դաշտում են գտնվում» ։

Նշենք, որ վերջինս նաև պնդել էր, թե առկա կոալիցիոն Հռչակագիրը բովանդակային առումով հակասում է շտաբի ստեղծմանը։

Հարցին, թե այդ մասին «Ժառանգությունում» նո՞ր իմացան, կուսակցության փոխնախագահը պատասխանեց, որ այդ մասին նախորդ նիստին էլ է ասել:

«Ժառանգությունում» չեն կարծում նաև, որ կոալիցիոն հուշագիրն այս պահին դե յուրե գոյություն ունի, սակայն դե ֆակտո՝ ոչ: «Որովհետև կոալիցիոն մաս կազմող ուժերն այսօր կառավարության անդամ են և բացարձակ օգտվում են իրենց վարչական ռեսուրսներից»,– ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ավելին՝ նա տեղեկություն ունի, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «Օրինաց երկրի» հետ միասին հակաօրինական գործողություններ են ծավալել: «Շատ համատարած երևույթ է անձնագրերի հավաքումը, որը քրեական հանցագործություն է և մյուս կողմից էլ կոալիցիայի մյուս ուժն էլ, ունենք փաստեր, որ Վայոց ձորում հեռախոսներ է բաժանում և այլն»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

«Ի տարբերություն ՀԱԿ-ի, որը շատ էր ուզում տարբերությունն իմանալ, մենք ասացիք՝ «Դուք ընտրում եք մեկ թիրախ կոալիցիայից՝ Հանրապետականին, իսկ մենք գտնում ենք, որ այս վիճակի համար պատասխանատու է ողջ կոալիցիան, ճիշտ է՝ որոշակի չափաբաժնով, և մենք չենք ուզում առանձնացնել դրանցից մեկին: Իսկ եթե ուզում ենք, որ ամեն ինչ հստակեցվի, և մաքուր ու ազատ ընտրությունների համապատասխան շտաբ ձևավորվի, ապա առնվազն պետք է համոզիչ լինելու համար առաջին դեմքերի ստորագրությունը: Ի վերջո, գիտենք հայաստանյան իրականությունը: Այն է՝ ինչ ասել է Գագիկ Ծառուկյան՝ «Բարգավաճի» համար, ինչ ասել է Լևոն Տեր-Պետրոսյան՝ ՀԱԿ-ի համար»,– ընդգծեց «Ժառանգության» փոխնախագահը։

Հարցին, թե Արմեն Ռուստամյանի «շարքերը բյուրեղանում են» ռեպլիկն ինչպես է գնահատում, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Վատ է, որ իմ հետևից նման արտահայտություն է արել, դաշնակցականները ուղիղ են խոսում, բայց եթե իմ ներկայությամբ ասեր, ապա կպատասխանեի, որ համաձայն եմ գնահատականին, որ շարքերը բյուրեղանում են, քանի որ երևում է՝ դաշտում ով է գնում իշխանափոխության և ով՝ իշխանափոխության անվան տակ փորձում է ապագա իշխանությունում քվոտաների հարց լուծել՝ նույն կոլաիցիոն իշխանության ներկայացուցիչների հետ»:

ՀԱԿ-ից այս գործըթնացի վերաբերյալ պարզաբանումներ չներկայացրեցին: