Արցախի նախագահն Ասկերանում մասնակցել է ծառատունկի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 11-ին այցելել է Ասկերանի շրջան և մասնակցել Իվանյան գյուղի մոտակայքում կազմակերպված ծառատունկին:
Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, այնուհետև Բակո Սահակյանն ուղևորվել է Մարտակերտ շրջկենտրոն և մասնակցել շրջվարչակազմի ընդլայնված նիստին` նվիրված 2011թ. շրջանում իրականացված աշխատանքներին:
Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Լևոն Չալյանը, համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները և այլ պատասխանատուներ:
Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվում Մարտակերտի շրջանի զարգացմանը` հաշվի առնելով դրա հսկայական ներուժը: Նա ընդգծել է, որ շրջանում նախատեսված մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացումը նոր որակ կհաղորդի ինչպես Մարտակերտի, այնպես էլ ամբողջ հանրապետության առաջընթացին:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Հանդիպման վերջում ԼՂՀ նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, այդ թվում` առաջիկա նախագահական ընտրություններում իր մասնակցությանը վերաբերող հարցին:
Բակո Սահակյանը նշել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը հանրապետության նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով` ինքնաառաջադրման կարգով, քանի որ որևէ կուսակցության անդամ չէ:
Իր այս որոշումը Բակո Սահակյան բացատրել է այն հանգամանքով, որ պատասխանատվություն է զգում ավարտին հասցնել այն բոլոր ծրագրերը, որոնք սկսել է իր պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում:
ԼՂՀ ղեկավարը չափազանց կարևորել է ժողովրդի` որպես իշխանության գերագույն կրողի վստահությունը և ընդգծել, որ միայն նման վստահության շնորհիվ է հնարավոր լուծել մեր հանրապետության առջև ծառացած հրատապ խնդիրները, իրականացնել Արցախի շենացմանն ուղղված բոլոր ծրագրերը:









