Հարավարևելյան Ասիայում ցունամիի սպառնալիք այլևս չկա
Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը (Pacific Tsunami Warning Center) չեղյալ է համարել հսկայական ցունամիի գոյացման նախազգուշացումը, որի հավանականության մասին նախազգուշացում էր արվել Ինդոնեզիայի ափերի մոտ` Սումատրա կղզու հյուսիսային հատվածում, հաղորդում է Reuters-ը և հավելում, որ մոտակա երկրները նույնպես հայտարարել են ցունամիի վտանգի դադարելու մասին:
Հիշեցնենք, որ այդտեղ այսօր՝ ժամը 17:18-ին, 8.9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել:
Մասնագետները տեղեկացնում են, որ ցունամիի վտանգը փոքրացել կամ դիտարկվող տեղանքի մեծ մասում ընդհանրապես վերացել է՝ շնորհիվ երկրակեղևի ցնցումների հորիզոնական բնույթի: Դրա արդյունքում երկրակեղևը վերև-ներքև չի շարժվել:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տեղեկություններով, այսօր տեղի ունեցած մոտ մեկ տսանյակ երկրաշարժերից առաջինի և ամենաուժեղի` 8.9 մագնիտուդ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Բանդա-Աչեխ քաղաքից դեպի 495 կմ հարավ-արևմուտքում:









