Ո՞ր դեպքերում Ոստիկանությունը կարող է և պարտավոր է ստուգել երկրից բացակայողների տվյալները

10:47 • 11.04.12

Երկրից կոնկրետ անձի բացակայության հարցն այն ժամանակ է Ոստիկանության կողմից դառնում ուսումնասիրության առարկա, երբ քաղաքացին՝ պատգամավորության թեկնածուն ՀՀ-ում չունի վերջին հինգ տարում հաշվառման հասցե, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ անձնագրերի և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը։

Անդրադառնալով Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգության» կուսակցությունների և Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի պահանջին, որ Ոստիկանությունը պետք է տրամադրի երկրից մշտապես բացակա, սակայն ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը, Հովհաննես Քոչարյանն ասաց, որ բացի հատուկ դեպքերից Ոստիկանությունը պարտավոր չէ ՀՀ քաղաքացու մշտական բացակայության ժամանակահատվածը ստուգել։

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ այդ պահանջը հիմնավորված է, առաջարկել էր պատկերացնել հետևյալ սցենարը. ենթադրենք՝ շուրջ 500 000 մարդ առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու, ապա ինչ՞ պետք է անի Ոստիկանության Վիզաների և անձնագրերի վարչությունը: Բնականաբար, պետք է ստուգի թեկնածուի՝ վերջին 5 հինգ տարում ՀՀ –ում բնակվելու հանգամանքը:

«Հիմա պետք է ասեն՝ չէ, թեկնածուների քանակը չպետք է գերազանցի x թիվը: Սա աբսուրդ է: Ունեն այդ հնարավորությունը , և դա պարզապես խուսափել է նշանակում»,-ասել էր Արմեն Ռուստամյանը:
Ի պատասխան Հովհաննես Քոչարյանն ասաց. «Այնպես չէ, որ բոլորին անխտիր Ոստիկանությունը պարտադիր ստուգում է. եթե մարդն ունի հաշվառման հասցե, և չկան այլ տվյալներ, որ տվյալ հասցեում մարդը չի ապրում, օրինակ՝ հետախուզման պարագայում: Եվ եթե չկան նման սահմանափակումներ, ապա որևէ անհրաժեշտություն չկա մարդու մշտական բացակայության ժամանակահատվածը ստուգել»:

Կրկնելով Ոստիկանության նախորդ պարզաբանումը, որ իրենք այս տվյալների տնօրինողը չեն,և հետևաբար չեն կարող պատասխանել, թե ՀՀ-ից քանի մարդ է բացակայում, Հովհաննես Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգն (ՍԷԿՏ) էլ նման հնարավորություններ չունի:
«Ամեն դեպքում, ՍԷԿՏ համակարգի մեջ տվյալների ճշգրտումը կատարվում է որոնման սկզբունքով: Այսինքն` մեզ պետք է նախապես հայտնի լինի անձի անունը, որպեսզի որոնում տաս ու կարողանաս անձի մուտքն ու ելքը ժամկետները հաշվես: Եվ զուտ քանակական իմաստով, որ ծրագիրը հարմարեցված չէ, որ սեղմես, և վեց ամսից ավել բացակայողներին բերի»,- ասաց Հովհաննես Քոչարյանը՝ ընդգծելով, որ դա իր անձնական կարծիքն է, և ինքը ՍԷԿՏ համակարգի շահագործման կանոններից լավատեղյակ մարդ չէ:

Թիվ 1 ընտրատարածքում ՀԱԿ-ից առաջադրված թեկնածու Գայանե Առուստամյանը լրատվամիջոցներին ներկայացրել էր 600 ընտրողների ցանկ, որոնց ծննդյան ամիս-ամսաթվի կողքին նշված է 00:
Հովհաննես Քոչարյանն ասաց, որ երբ անկախության առաջին տարիներին Հայաստանի բնակվող քաղաքացիները ձեռք բերեցին ՀՀ քաղաքացիություն, անձը հաստատող քաղաքացիների փաստաթղթերում ծննդյան ամիսը և օրը նշված չի եղել:

«Դրանք հիմնականում այն քաղաքացիներն էին, որոնք խորհրդային իշխանության տարիներին Հայաստան են ներգաղթել սփյուռքից. լիբանանահայեր, իրանահայեր: Այ, նրանց ծննդյան վկայականներում օրը և ծննդյան ամսաթվերը նշված չի եղել, սակայն առանց այդ տվյալների, միայն ծննդյան տարեթվերով նրանք ձեռք են բերել ԽՍՀՄ քաղաքացիություն, 90 թթ.-ից հետո նաև՝ ՀՀ քաղաքացիություն»,– ասաց Հովհաննես Քոչարյանը:

«Բացի այդ, ժամանակին երբ 20-ականներին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններ չկային, ծնունդը գրանցվում էր ծխական մատյաններով, և շատ են դեպքերը, երբ գրանցումը եղել է միայն ծննդյան տարեթվով, իսկ ամիս-ամսաթիվը բացակայել են: Հենց այդ տվյալների հիման վրա էլ ՀՀ քաղաքացու անձնագրերում նշված է միայն տարեթիվը»,- ասաց ՀՀ անձնագրերի և վիզաների վարչության պետը:

Նրա բացատրությամբ՝ այստեղ դեր է խաղացել նաև համակարգչային ծրագրի հետ կապված խնդիրը, այն է՝ որպեսզի համակարգիչը կարողանա տպել անձնագիրը, ապա տարեթվի կողքի բաց դաշտը պետք է անպայման լրացված լինի նիշերով:
«Համակարգչի ծրագիրը այդպես է ծրագրավորված, իսկ այդ նիշերը, որպեսզի լրացված լինեն, գրվում է՝ 00: Միայն այդպես համակարգիչը տվյալը կճանաչի ու անձնագիրը տպագրի: Դրա համար էլ 00-ները հայտնվել են ընտրացուցակներում»,- ասաց Հովհաննես Քոչարյանը:

Նշենք, որ նրա խոսքով՝ այստեղ ոչինչ անել հնարավոր չէ, և «00-ները» մնալու են ցուցակներում՝ այդ նույն տվյալներով, քանի որ «այստեղ սխալ կամ անճշտություն չկա, դա օրինաչափության արդյունք է»: