Պուտինը ցանկանում է անվերջ նախագահ լինել
Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը, հայտնում է vz.ru-ն: Գործող Սահմանադրությամբ արգելվում է նույն անձին երկու ժամկետից ավելի զբաղեցնել նախագահի պաշտոնը:
Ըստ Պուտինի` փոփոխությունների դեպքում նրան ևս 2 անգամ նախագահ ընտրվելու հնարավորություն կընձեռվի:
«Յուրաքանչյուրիս կյանքում մի պահ է գալիս, իմ կյանքում այն արդեն եկել է, երբ պետք է մտածել երկրի ճակատագրի մասին և չկառչել ինչ-որ բաներից»,- ասել է Պուտինը` անդրադառնալով պատգամավորներից մեկի հնչեցրած առաջարկին, որ Սահմանադրության հետևյալ ձևակերպման միջից` «նույն անձը չի կարող նախագահ դառնալ 2 ժամկետ անընդմեջ» պետք է հանել «անընդմեջ» բառը:
Նա ասել է, որ օրենքը հետադարձ ուժ չունի, այդ իսկ պատճառով այն իր այս ժամկետին չի առնչվի, և նա, արդյունքում, կկարողանա ևս 2 ժամկետ նախագահել:
Պուտինն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000թ.-ին, վերընտրվել` 2004-ին: Երրորդ անգամ նա նախագահ է ընտրվել այս տարվա մարտի 4-ին կայացած ընտրություններում: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին:









