ԱՄՆ հանրապետական կուսակցությունը նախագահի մեկ թեկնածու ունի` Միթ Ռոմնին. Ռիք Սանթորումը դուրս եկավ պայքարից
ԱՄՆ նախագահի հանրապետական կուսակցությունից երկրորդ ամենահայտնի թեկնածուն` Պենսելվանիա նահանգից նախկին սենատոր, ծայրահեղ պահպանողական Ռիք Սանթորումը (Richard Santorum), հաստատել է, որ այսօրվանից դուրս է գալիս նախընտրական մրցապայքարից, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Սանտորումի մրցապայքարից դուրս գալով` չափավոր դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչ, Մասաչուսեթի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին (Willard Mitt Romney) փաստացի դառնում է ԱՄՆ հանրապետական կուսակցությունից միակ թեկածուն: Փաստորեն վերանում է օգոստոսի վերջին կայանալիք, կուսակցական համաժողովի գլխավոր ինտրիգը:
«Դա հեշտ որոշում չէր … Մենք դա անցած շաբաթավերջին ենք կայացրել: Մենք այսօրվանից դադարեցնում ենք պայքարը», - ասել է Ռիք Սանթորումը հարազատ Պենսելվանիա նահանգի ընտրողների առջև իր ելույթի ժամանակ:
Այդ հայտարարությունը հնչել է Ռիք Սանթորումի մի շարք պարտությունների ֆոնին, որոնք նա կրել է մի քանի նահանգներում տեղի ունեցած փրայմերիզներում, ինչպես նաև ապրիլի 24-ին՝ Պենսիլվանիա նահանգի նախնական ընտրությունների ԶԼՄ-ների անբարենպաստ կանխատեսումների ֆոնին:









