Ռուսաստանն է մեղավոր, որ Ասադը դեռ իշխանության ղեկին է. Քլինթոն

08:37 • 11.04.12

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեղադրել է Ռուսաստանին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը դեռ իշխանության ղեկին է, հայտնում է Associated Press գործակալությունը:

Միևնույն ժամանակ սիրիական ընդդիմությունն այս ֆոնին հայտարարել է մեկ օրում Ասադի զորքի ու ապստամբների միջև բախումների հետևանքով 101 զոհի մասին:

«Որոշ կառուցողական միջոցառումների ընդունման հարցում նրանց` (Ռուսաստանի) մեզ չմիանալն էլ թույլ է տալիս Ասադին մնալ իշխանության ղեկին, լինել լավ զինված ու արհամարհել սեփական տարածաշրջանի, ժողովրդի ու աշխարհի պահանջները»,- հայտարարել է Քլինթոնը` երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով Մերիլենդ նահանգի Անապոլիս քաղաքի ռազմածովային ակադեմիայում:

Պետքարտուղարն ընդգծել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սպառնալիք կա, և խոստացել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը փորձել Ռուսաստանին «համոզել» գոնե միանալ այն միջոցառումներին, որոնք թույլ կտան ապահովել երկրին մարդասիրական օգնության տրամադրմանը:

Ապրիլի 11-12-ին Վաշինգտոնում կանցկացվի «Ութնյակի» երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովը: Իսկ դրա շրջանակում Լավրովի ու Քլինթոնի հանդիպումը նախատեսված է հինգշաբթի: