Տիգրան Թորոսյանի ծիծաղը չի գալիս, որ ԱԺ նիստին 2 պատգամավոր է գրանցվում

18:44 • 11.04.12

Ազգային ժողովի լիազորությունները դեռ չեն ավարտվել, և պատգամավորները պետք է գնան աշխատանքի, Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից բացի ընդամենը երկու պատգամավոր էր ներկա եղել, որի պատճառով էլ նիստը չէր կայացել։

«Հարգելի գործընկերներ, գրանցվել է երկու պատգամավոր, դահլիճում ներկա է երեք պատգամավոր, քվորում չկա, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն գրանցումը շարունակվում է մինչև քվորումի ապահովումը»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահը:

Այնպիսի տպավորություն էր, որ և՛ Տիգրան Թորոսյանի, և՛ Էդուարդ Շարմազանովի ծիծաղը գալիս էր: Սակայն Տիգրան Թորոսյան ասաց, որ ծիծաղելու բան չկա։

«Ծիծաղելու ոչինչ չկա, ճիշտ հակառակը. եթե մարդիկ ուզում են պատգամավոր ընտրվեն, ուրեմն պետք է հարգեն Ազգային ժողովը»,- ասաց Տիգրան Թորոսյանը:

Նշենք, որ այս քառօրյայով առաջիկա հինգ տարիներին ավարտվում են Տիգրան Թորոսյանի պատգամավորական լիազորությունները, քանի որ ԱԺ նախկին նախագահը մնաց անկուսակցական, չընդգրկվեց որևէ կուսակցությունում և չառաջադրվեց մեծամասնական ընտրակարգով: