Վլադիմիր Կարապետյանը մասնակցել է «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած քննարկմանը
Ապրիլի 10-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային Կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանը մասնակցել է «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներին: Այս մասին տեղեկացնում է Վ. Կարապետյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը։
Իր խոսքում Վ.Կարապետյանը մասնավորապես ասել է. «Քննարկման արդյունքներով անհրաժեշտ է արձանագրել, որ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այս հանգամանքը կրկին անգամ հաստատվեց հենց Արդարադատության նախարարության ներկայացուցչի ելույթից հետո, քանզի վերջինս չկարողացավ վկայակոչել Սահմանադրության որևէ դրույթ, որը թույլ է տալիս օգտագործել բանակը ներքաղաքական զարգացումներում: Այս պարագայում գործում է հետևյալ եզրը. եթե որևէ օրենք հակասում է Սահմանադրությանը, ապա գործում է Սահմանադրությունը, ոչ թե օրենքը»:
Վ. Կարապետյանը նաև վստահություն է հայտնել, որ հաջողության հասնելով ԱԺ ընտրություններին և համագործակցելով խնդրով մտահոգ քաղաքական կուսակցությունների հետ՝ Հայ Ազգային Կոնգրեսը ՀՀ ԱԺ-ում կապահովի այս ապօրինի նախաձեռնության վիժեցումը:









