Քոֆի Անանը միամիտ է. իսրայելցի պատգամավոր
Անանի՝ Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը չեն տա իրական արդյունքներ, իսրայելական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Կնեսեթի պատգամավոր Այուբ Քարան:
Քարան վատատեսորեն է արտահայտվել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման ծրագրի հեռանկարների մասին:
«Այն (ծրագիրը) խորը պատկերացում չունի այն մասին, թե ինչ է կատարվում Սիրիայում»,- ասել է իսրայելցի պատգամավորը:
Ըստ նրա` Անանը միամիտ է, սակայն «նրա հետ միամիտ են նաև ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները»:
Իսրայելցի Քարան լավ հարաբերություններ ունի սիրիական ընդդիմության հետ, և ավելի վաղ սուր քննադատությամբ է հանդես եկել սիրիական խնդրի վերաբերյալ:
«Ցավոք, Սիրիայում քիչ բան է փոխվել և, հավանաբար, չի էլ փոխվի: Ասադի ռեժիմը խրված է ստի ու կեղծիքի ճահճի մեջ»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը` վկայակոչելով Reuters գործակալությանը, Սիրիայում, այսօր՝ առավոտյան ժամը 06:00-ից սկսված, հրադադար է հաստատվել, սակայն կառավարական ստորաբաժանումները դուրս չեն եկել քաղաքներից:
Սիրիայի կառավարության մամուլի խոսնակ Ջիհադ Մաքդեսին հայտարարել է, որ Դամասկոսն ամբողջությամբ հավատարիմ է Անանի խաղաղության ծրագրին, և զորքերի կողմից հրադադարի խախտում չի եղել:
Սակայն Սիրիայի պետական հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ ընդդիմադիր խմբավորումները չեն դադարեցրել զինված հարձակումները:









