Ա. Աթեշյանն ու Բյուլենթ Արընչը քննարկել են հայ համայնքի հողերի վերադարձի հարցը

13:13 • 12.04.12

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Ս. Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն Անկարայում հանդիպել են փոխվարչապետ Բյուլենթ Արընչին:

Ինչպես տեղեկացնում է «Մարմարա» օրաթերթը, հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր` այդ թվում Սուրբ Խաչ եկեղեցու դպրեվանքի, Սամաթիայի հայկական հողերի, ինչպես նաև Սբ. Փրկիչ հիվանդանոցի հարակից հողամասերը համայնքին վերադարձնելու շուրջ բացված դատական գործընթացները:

Արընչի հետ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը տևել է մոտ 45 րոպե: Փոխվարչապետը հավաստիացրել է, որ դպրեվանքի հարցը շուտով դրական լուծում կստանա:

Հանդիպումը, սակայն, նախատեսվածից կարճ է տևել և Արընչը խոստացել է քննարկումը շարունակել նաև մոտ օրերին Ստամբուլ կատարելիք այցի ընթացքում:

Ստամբուլի Բեյքոզի թաղային խորհրդի անդամ Արեթ Չիչեքեքերը տեղեկացրել է, որ դատարանը Բեյքոզի Սուրբ Նիկողայոս եկեղեցու գերեզմանատան տարածքը հայ համայնքին վերադարձնելու մասին վճիռ է կայացրել:

Հողակտորն իրենից ներկայացնում է 37,500 քառակուսի մետր տարածք: Պարբերականը տեղեկացնում է, որ Բեյքոզի եկեղեցու համար այդ տարածքը չափազանց կարևոր է, քանի որ տարիներ շարունակ այս եկեղեցին գործել է բացառապես հավատացյալների նվիրատվություններով, իսկ հողակտորից կարող է շահել ինչպես եկեղեցին, այնպես էլ ողջ համայնքը: