Բուլղարիայի կառավարությունն ու ազգային բանկը վիճել են

16:41 • 12.04.12

Բուլղարիայի Ազգային բանկը քննադատել է կառավարությանը կենսաթոշակային հիմնադրամի միջոցները պետական պարտատոմսերում ներառելու համար, հայտարարում է «Ֆրանս պրես»-ը:

Բանկի ղեկավարությունը գտնում է, որ նման որոշումը սպառնալիքի տակ է դնում հիմնադրամի կուտակած միջոցները, ինչպես նաև երկրի ողջ ֆինանսական կայունությունը:

Ներկայում այսպես կոչված Արծաթյա հիմնադրամում կուտակվել է 1.8 մլրդ լև (920 մլն եվրո): Հիմնականում դրանք մասնավորեցումից ստացված միջոցներ են:

Բուլղարիայի կառավարության` ապրիլի 11-ին ընդունված որոշման համաձայն` տարբեր արժեքավոր փաստաթղթերում պետք է ներդրվի հիմնադրամի միջոցների 30%-ը, իսկ մինչ 2016թ.-ն այդ թիվը կավելանա` հասցվելով 70 %-ի:

Սակայն Ազգային բանկից հայտնում են, որ այդ քայլը կարող է բացասաբար անդրադառնալ Բուլղարիայի վարկանշային վարկանիշի վրա:

Բուլղարիան Եվրոպայի ամենացածր պետպարտք ունեցող երկրներից մեկն է: